«Ժողովուրդ». Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդագիրը։
Քննարկման ժամանակ, կամա, թե ակամա, Աննա Վարդապետյանը խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի մասով այս քրեական հետապնդումը հարուցվել է նաև այն պատճառով, որ վերջինս չի միջնորդել վաղեմության հիմքով գործը կարճելու համար։ Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հարց ուղղելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց. «Եթե Սեյրան Օհանյանը ներկայանար Ձեզ կամ մարմնին համապատասխան և ընդուներ իր մեղքը, ենթադրենք՝ խնդրեր վաղեմության ժամկետ կիրառել, ի՞նչ տեղի կունենար»։
«Մենք վաղեմության ժամկետի կիրառման հիմքով իր նկատմամբ, բնականաբար, քրեական հետապնդում չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք՝ արդեն այս փաստն ունենալով մեր գործի նյութերում այլ անձանց վերաբերյալ, որովհետև այստեղ մի անձ չէ, միայն Սեյրան Օհանյանը չէ», -ասաց գլխավոր դատախազը:
Այսինքն՝ նա խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի ետևից եկել են խորհրդարան միայն այն պատճառով, որ վերջինս չի խնդրել վաղեմության ժամկետ կիրառել։ Ընդ որում՝ այս հարցն ու ձևակերպումը հնչեց տարբեր կերպ և ամբողջ քննարկման ժամանակ։ Ուշագրավ մտքեր հնչեցին նաև ՔՊ-ական պատգամավորների կողմից։ Օրինակ՝ նախկին ՀՀԿ-ական, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ելույթ ունենալիս նշեց. «Պատկերացնո՞ւմ եք, որ որոշակի վարձու լրագրողներ, գրչակներ, խմբագիրներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին, եթե հանկարծ պարզվեր, որ զորամաս է փակվում Հայաստանում կամ վաճառվում»։
Այստեղ թերևս պետք է հիշեցնել, որ նախորդ տարի՝ 2022թ. ապրիլի 15-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չզեկուցվող հարցերից մեկով վաճառքի հանվեց Երևանում և մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հողատարածքներ։ Ընդ որում՝ հետպատերազմական ծանր իրավիճակում գտնվող Հայաստանը որոշել էր ՊՆ-ին ամրացված ռազմական գույքեր վաճառել նաև Ադրբեջանի հետ սահմաններ ունեցող մարզերում:
Մասնավորապես, վաճառքի հանված երկու զորամաս գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Երեկ, սակայն, Սեյրան Օհանյանին մեղադրում էին, թե նրա օրոք վաճառվել է Նախիջևանի սահմանին գտնվող զորամասը։
Նկատենք՝ ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել էր, որ Սեյրան Օհանյանի օրոք վաճառված ՊՆ տարածքը գործող զորամաս չի եղել, և ավելին՝ պիտանի զորամաս չի եղել, սակայն սա էլ չի խանգարել, որ Օհանյանի հարցով Վարդապետյանը ԱԺ մտնի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա