Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն Թուրքիայում է. Փայլան
Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնութիւնը արդէն իսկ վայրէջք կը կատարէ երկիր։
Զօրակցութիւնը կեանք է»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը պատրաստվում է օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։
Նիկոլ Փաշինյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը»,- հայտնել են ՀՀ կառավարությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով այս պահին զոհերի թիվը հասնում է 4 հազարի, վիրավորներինը՝ 22168 -ի։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։
Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան