Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը
«Դեկտեմբերի 12-ից մինչև հիմա հանրապետության մասշտաբով ծնվել է 215 երեխա, 18-ը եղել են անհաս նորածիններ: Եթե մենք համեմատում ենք 2022 թ-ի հետ , ապա կենդանածիններից 9 տոկոսը եղել է անհաս, իսկ էս շրջանում եղել է մի փոքր աճ»,-ասում է Ստեփանակերտի ծննդատան նորածնային ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանը։
Բժշկուհու խոսքով՝ անհաս նորածինների թվի աճը հիմնականում կապված է հղիության բարդությունների, վաղաժամ ծննդաբերությունների հետ: Հիմնական պատճառը՝ սթրեսն է: Ամենօրյա սթրեսներից զերծ չի նաեւ ծննդատան բուժանձնակազմը: Խնդիրները շատ են, դրանց լուծման հնարավորությունները քիչ:
«Հովհարային անջատումները իր հերթին, գազի ընդհատումներով մատակարարումը իր հերթին չի թողնում, որ նորմալ ջերամաստիճան պահպանվի պալատներում, դրա պատճառով հաճախ ունենում ենք հիպոթերմիայի խնդիր: Սա ինտենսիվ թերապիայի բաժանմունքն է, այստեղ գտնվում են պրոբլեմատիկ խնդիրներով երեխաներ, և այստեղ ցանկալի չէ, որ ինչ-որ հատվածում ջերմաստիճանը իջնի, որովհետև կարող է բացասական ազդեցություն ո ւնենալ»,-ասել է նա Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ստեփանակերտի ծննդատան ծննդաբերական բաժամունքի ավագ մանկաբարձուհի Անուշ Եսայանն էլ ավելացնում է՝ կյանքի ճանապարհը փակ է, կտրված ենք աշխարհից, բայց մենք չենք տրվում էմոցիաների և ոչ էլ սադրանքների:
«Չնայած այդ ամենին մեր ծննդատունը աշխատում է բնականոն հունով և աշխատում ենք բավարարել դեղորայքով»,-ասում է Անուշ Եսայանը։
Սիրո լույսն ու ջերմությունն արդեն տարիներ շարունակ ճառագում է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի պատերի ներսում: Դրանից պակաս կարեւոր չէ բուժանձնակազմի հոգատարությունն ու արհեստավարժությունը: Վստահեցնում են՝ հակառակ սուղ պայմաններին՝ անում են առավելագույնը:
«Ստեփանակերտի ծննդատան նորածնային ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժանմունքի վարիչ/Կա մտահոգություն, կա անհանգստություն մեր փոքրիկ հայրենիքի ապագայի մասին: Յուրաքանչյուր երեխայի ծննդով մենք ուրախանում ենք, որ մի փոքրիկ արցախցի ավելացավ, մենք ուժեղացանք և մեր զոհված տղաների փոխարեն նոր սերունդ է գալիս»,-ասում է Նինա Հովհաննիսյանը։
Իսկ ծննդատան դիմաց փոքրիկներին ու մայրիկներին սպասող հայրիկներն ու հարազատներն են՝ ծաղիկներով, փուչիկներով ու փոքրիկների հետ կապված մեծ հույսերով:
Արցախի Հանրային հեռոըստաընկերության փոխանցմամբ, փետրվարի 7-ին Մոր և մանկան առողջության պահմանման կենտրոնը յուրօրինակ ռեկորդ է սահմանել. մեկ օրում 8 նորածին դուրս գրվեց: Սա ամենաբարձր ցուցանիշն էր շրջափակումից ի վեր:
Հիշեցնենք, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքներին ու կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ապաշրջափակել միջանցքը, վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին։
Իրավապաշտպան կազմակեպությունն ընդգծում է, որ դեղորայքի պակասն ու բուժօգնության անհասանելիությունը բացասաբար է անդրադառնում նաև կանանց ու մայրական առողջության վրա։
Մարտակերտից Մելինե Պետրոսյանը, որ հղիության 7-րդ ամսում է, կազմակերպությանը պատմել է, որ բժշկական կենտրոնում դեղորայքի, հիգիենայի միջոցների, տակդիրների, կաթնախառուրդների պակաս կա։
«Հիվանդասենյակում շատ հաճախ ցուրտ է լինում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով։ Բժիշկներն իրենց տրամադրության տակ ունեն միայն մեկ ինկուբատոր՝ վաղաժամ ծնված երեխաների համար, վաղաժամ ծնված երեք երեխաներին հերթով են այնտեղ պահում։ Երբ մտածում եմ, թե նման պայմաններում որքան անկանխատեսելի կարող է լինել ծննդաբերությունը, ես վախենում եմ»,-ասել է կինը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում
- Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացել Լաչինի միջանցքն ու վերջ դնել հումանիտար ճգնաժամին
- Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը
- Արցախում նաև ռուսներն են շրջափակված
- Արցախում 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
- Կարոտել եմ մանկապարտեզը. Արցախի մանկապարտեզներում աղմուկի փոխարեն անտանելի լռություն է
- Մինչ կանայք Անդրեա Վիկտորինին փորձում էին հանձնել արցախցի մայրերի նամակը, Ավինյանը նրան հրավիրել էր մանկապարտեզի բացմանը
- Եռագույն թևնոցներ՝ արցախցի մայրերի պահանջը բարձրաձայնողներին
- Արցախցի մայրերը բաց նամակ կփոխանցեն Եվրահանձնաժողովի նախագահին