Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել. Ալեն Սիմոնյան
«Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ քաղաքացիական բնակչության մեջ և այն արհավիրքը, որ մենք էլ ենք տեսել, ուղղակի մարդկային առումով, մենք հայ ենք, քրիստոնյա ենք, մարդ չի կարող չարձագանքել այդ ամեն ինչին»,- Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հիշեց նաև ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի խոսքերը՝ Իրանում երկրաշարժ է եղել, չեք ցավակցել։
«Երեք զոհ է եղել, միգուցե այդ երեք զոհի հետ կապված էլ պետք էր ցավակցել։ Բայց այս իրավիճակում ամբողջ աշխարհն է ցավակցում, նույնիսկ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահն է ցավակցել, գիտեք, որ Կիպրոսի ընկալմամբ Թուրքիան իրենց երկրի գրեթե կեսը գրավել է։ Եվ այո, օգնություն են ուղարկել, թե ընդունել են, թե չեն ընդունել, դա արդեն երկրորդական հարց է»,–ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, երբ ասում են՝ Թուրքիան թշնամի՞ է, թե՞ ոչ, երեկ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ այն գործողություններն ու այն իրավիճակը, որը կա, թշնամական վերաբերմունք է:
«Լավ, բա ի՞նչ անենք, Ստամբուլն արյան ծով սարքելու երգերով, կենացներով, մենք մեր գլուխը գովալով, առաջին քրիստոնյա ազգն ենք, դե գիտեք՝ մնացածից ինչ լավն ենք …տեսանք՝ ուր բերեց այս փիլիսոփայությունը:
Լավ, ընդունում եմ՝ թնշամական է, երկրորդ կարծիքը չի կարող լինել, բա ի՞նչ անենք, հավաքվենք, գնանք, հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞: Ուզում եմ հասկանալ՝ ձեր տարբերակը ո՞րն է», - դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա ասաց, թե պետք է լուծել խնդիրները. «Մեր նպատակն է այդ խնդիրները լուծել մեր այսօրվա իրավիճակից ելնելով, մեր յորղանի գյորա»։
Նա նաև դիմեց ընդդիմությանը. «Դուք պետք է դուրս գաք քաղաքական դաշտից, ճանապարհ բացեք նոր ընդդիմությանը։
Դուրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը: Դուրս եկեք, թողեք առողջ ուժերը գան, հետագայում մենք էլ, երբ ընտրություններում կկրվենք, իշխանությունը կհանձնենք իրենց ու հանգիստ սրտով կհեռանանք, որովհետև մեր նպատակն է ազատ ընտրություններով իշխանությունը փոխանցել մեկ այլ ուժի, շնորհավորել այդ իշխանությանը ու հեռանալ, բայց քանի դեռ դուք կաք՝ անհնար է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան