Ինչ մեղադրանք է առաջադրվել Գևորգ Էմին-Տերյանին
«Վահան Տերյանի ծննդյան օրը լիարժեք չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինձ երկրորդ մեղադրանքը չառաջադրեր»,-այսօր գրել էր «Օրագիր.նյուզ» լրատվականի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, որը Վահան Տերյանի ծոռն է։
Ի՞նչ է պատահել հարցին քիչ առաջ պատասխանեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Երեկ ստանձնել եմ «Օրագիր.նյուզ» լրատվականի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի շահերի պաշտպանությունը հանգուցյալ 137.1 («ծանր վիրավորանք») հոդվածով։
Էմին-Տերյանին մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ քպ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար՝ այն պայմաններում, երբ նշված անձը հրապարակավ պնդել էր, թե Էմին-Տերյանը պատրաստ է փողով հոդված գրել նույնիսկ Վահան Տերյանի ու Գևորգ Էմինի՝ իր նշանավոր նախնիների դեմ։
Հետաքրքիր է այն փաստը, որ թե՛ քննիչը և թե՛ հսկող դատախազը դիրքորոշում են հայտնել Էմին-Տերյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, և միայն վերադաս դատախազը՝ Պետրոս Մարտիրոսյանն է որոշել, որ Էմին-Տերյանին պետք է մեղադրանք առաջադրել։
Ապաքրեականացման (ոչ արդարացնող) հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ առարկել ենք։ Կիրառվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։
Այսօր Վահան Տերյանի ծնունդն է։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ խորհրդանշական է»,-գրել է նա։