Երկրաշարժից հետո Թուրքիայում որոնում են Հյուսիսային Կիպրոսի վոլեյբոլի մանկական թիմի անդամներին
Թուրքիայում երկրաշարժից հետո որոնում են Հյուսիսային Կիպրոսի «Ֆամագուստա» քոլեջի վոլեյբոլի մանկական թիմի անդամներին։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է լրագրող, Սուլթանաթ Թուգելբաևան։
Նրա խոսքով, մրցումների մասնակցելու նպատակով Ադիյաման քաղաք է ժամանել 39 մարդ, որոնցից 23-ը երեխաներ, մնացածը՝ ծնողներ և մարզիչներ։
«Գրեթե առաջին օրը ոչ ոք չի զբաղվել երեխաների որոնմամբ, քանի որ Թուրքիան պարզապես բավարար ուժեր չունի։ Հյուսիսային Կիպրոսը ավելի քան 100 մարդ է ուղարկել զոհվածների, ողջ մնացածների որոնման համար։ Արդեն գրեթե չորրորդ օրն է որոնումները շարունակվում են։ Այս պահին 5 հոգու դուրս են բերել փլատակներից, չորս հոգի էլ ինքնուրույն է դուրս եկել։ Այժմ 30 հոգուն փնտրում են»,- ասել է լրագրողը։
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 14 հազարը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է 14 351-ի, վիրավորներինը՝ 64 հազարի։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էրդողանը յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ աղետից տուժած 10 նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։
Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։