Թուրքիայում հայկական թիմերը չեն դադարեցնի ուսումնամարզական հավաքը
Հայկական թիմերից «Փյունիկը», «Ալաշկերտը», «Ուրարտու-2»-ը և արդեն նաև «Շիրակը» իրենց արտասահմանյան ուսումնամարզական հավաքն անցկացնում են Թուրքիայի Բելեկ քաղաքում։
Ինչպես հայտնի է՝ Թուրքիան օրերս ցնցվեց ավերիչ երկրաշարժից, որին զոհ գնացին հազարավոր մարդիկ, իսկ դեռ հազարավորներին էլ փրկարարները շարունակում են փնտրել փլատակների տակ։
Այս ամենի ֆոնին՝ ArmSport-ը մեր՝ Թուրքիայում գտնվող ակումբների ներկայացուցիչներից փորձել է ճշտել` Բելեկում զգացե՞լ են երկրաշարժը, և արդյոք այս աղետը կարող է ստիպել նրանց նախատեսվածից շուտ ավարտել հավաքը։
«Փյունիկի» մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ երկրաշարժն այնտեղ շատ թեթև է զգացվել, երևի թե 3 բալ: Այս պահին հավաքը շուտ ավարտելու որոշում չկա․ «Ինչպես սկզբում էինք հայտարարել, հավաքը ավարտվելու է փետրվարի 14-ին»:
«Ալաշկերտից» հայտնել են, որ բարեբախտաբար, երկրաշարժը չեն զգացել և ըստ նախատեսվածի՝ կշարունակեն հավաքը։ Թիմը այնտեղ կմնա մինչև փետրվարի 14-ը։
«Ուրարտուի» մամուլի ծառայության հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց, սակայն ակումբի երկրորդ թիմը ևս, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ Բելեկում։ Հիշեցնենք, որ հիմնական թիմը ուսումնամարզական հավաքն անցկացնում է ԱՄԷ-ում։
Իսկ «Շիրակը» Բելեկում նախատեսված հավաքին մեկնել է աղետին հաջորդող օրերին և այնտեղ կմնա մինչև փետրվարի 21-ը։