Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ. Նիկոլ Փաշինյան
«Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ-ի գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր մեկ օր առաջ մինչ այդ Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել դրանից 4 օր առաջ»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ և հավալեց, որ այն չի արտահայտում ողջ պատկերը, որովհետև գազամատակարարումների դադարեցման և վերականգնման արանքում էլ տեղի են ունենում «այլազան» իրադարձություններ՝ գազամատակարարումը դադարեցնելով 50 %-ով այնուհետև այն հասցվում 70%-ի, հետո նվազեցվում 10 %-ի, այնուհետև բարձրացվում 30%-ի:
«Նման վայրիվերումները երբեմն օրվա մեջ կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ, ընդ որում սա ոչ թե «բնապահպաններն» են այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե բնապահպանները Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, ապա գազախողովակում նրանք չեն նկատվել: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ին մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն: Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, ԼՂ-ում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների»,-ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանը նաև արգելափակել է ԼՂ-ի հոսանքի մատակարարումը և քանի որ էլեկտրաէներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն՝ Արցախի իշխանությունները ստիպված են հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել օրական 6-10 ժամ՝ կախված եղանակից
Հայտնելով, որ այդ իրավիճակում տները տաքացնելու համար արցախցիները ստիպված են անտառներում հատումներ անել և լուրջ բնապահպանական խնդիրներ ստեղծել՝ Փաշինյանը հայտնեց. «60 օր առաջ Լաչինի միջանցքի փակումը բացի հումանիտար ճգնաժամից նաև բնապահպանական ճգնաժամի է հանգեցրել»:
Գործադիրի ղեկավարը հայտնեց, որ Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը:
«Այսուհանդերձ, մենք պիտի ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը ԼՂ-ում ծայր առած հումանիտար ու բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որն Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների արդյունք է:
Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, ովքեր այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել ԼՂ-ում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին: Մեր միջազգային ջանքերը պետք է ուղղվեն բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես միջազգային լայն քննարկման առարկա դարձնելուն»,-ասաց Փաշինյանը:
Նա անհրաժեշտ համարեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ԼՂ-ում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամն ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան:
«Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»,-ամփոփեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր կմերժի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում «ՅՈՒԳՈՒԱՐ» ՍՊԸ-ի ներառման հայտը
- Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան