Կոլոնան և Բլինքենը շեշտել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքը։
«Նախարարը և պետքարտուղարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում տիրող իրավիճակը, ամփոփել են հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերը և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։
Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ներկայիս շրջափակման լուրջ հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու ԱՄՆ-ը միավորում են ուժերը՝ վերջ դնելու այս իրավիճակին՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի շփումների միջոցով»,- ասվում է ուղերձում։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Երկուս ամիս է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին