Զախարովա. Եթե Երևան-Թբիլիսի-Բաքու երկխոսությունը նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, ապա այն կարելի է միայն ողջունել
Եթե Երևան-Թբիլիսի-Բաքու եռակողմ երկխոսությունը նպաստում է Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք դա կարող ենք միայն ողջունել: Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավելի վաղ ասել էր, որ ԵՄ-ն աջակցում է Վրաստանի միջնորդությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։
«Մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու իր շահերին համապատասխանող միջազգային ձևաչափերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և հաշվի են առնում ուժերի առկա, ստեղծված հավասարակշռությունը։
Եթե Բաքու-Երևան-Թբիլիսի եռակողմ երկխոսությունը նպաստում է Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք»,-ասել է Զախարովան և հավելել. «Եթե այս նախաձեռնության հետևում տեսանելի են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա սա բոլորովին այլ պատմություն է։
Ուզում եմ հիշեցնել, որ երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նշված պայմանավորվածություններն են, որ հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս ձևաչափով 2020 թվականից մեկնարկել են առանցքային գործընթացներ՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև կապերի հաստատման ուղղությամբ»,-ասել է Զախարովան։
«Ինչ վերաբերում է Անդրկովկասում համագործակցության առավել բացառիկ և ներառական ձևաչափերին, ապա կա 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակ։ Այն հենց ընդգրկում է երեք անդրկովկասյան պետություններ, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս համատեղել տարածաշրջանի ավելի լայն շրջանակի երկրների շահերը։ Սա, ի թիվս այլ բաների, պետք է աշխատի հարթելու նրանց միջև առկա հակասությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարը։ Մենք ընդգծում ենք 3+3 հարթակի զգալի ներուժը՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն փորձում են Ճապոնիային և Հարավային Կորեային ներքաշել ուկրաինական ճգնաժամի մեջ․Զախարովա
- Զախարովա. Դիմում ենք Բաքվին և Երևանին՝ քաղաքական կամք դրսևորել ու հնարավորինս շուտ լուծել առկա տարաձայնությունները
- Զախարովան անհեթեթ է համարում հայտարարությունները, թե ՌԴ-ն վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան