Հայաստանում Իրանի դեսպան. Մեր երկու երկրները պետք է ունենան հատուկ օրակարգ
«Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը, ըստ էության, Ռուսաստանն է, որի հետ կնքված է ռազմավարական դաշինք։ Փաստացի Հայաստանի անվտանգությունն ապահովող երկրորդ երկիրը Իրանն է, որի հետ թեպետ կնքված չէ ռազմավարական դաշինք, սակայն, ըստ էության, այսօր Իրանը Հայաստանի բնական դաշնակիցն է», - նշել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը։
Նա մասնակցում էր փետրվարի 9-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովին։
Գոհար Իսկանդարյանը հանդես է եկել «Հայաստանի և Իրանի մոտեցումները տարածաշրջանային նոր մարտահրավերներին» թեմայով զեկուցմամբ։ Նա ներկայացրել է, թե ինչպես դրվեցին հայ-իրանական հարաբերությունների հիմքերը, ինչպիսի զարգացումներ տեղի ունեցան հետագայում, հատկապես 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։
Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը և այլք։
«Չնայած նրան, որ Հայաստանի և Իրանի միջև ընդամենը 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմություն կա, մենք չպետք է մոռանանք, որ մեր երկու ժողովուրդների, երկու պետությունների միջև այդ հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, և սա խորքային, քաղաքակրթական մակարդակի վրա է»,-ասել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է. «Ուրախ եմ Իրանի իսլամական հեղափոխության հաղթական 44-րդ տարեդարձի նախօրեին գտնվել այս աշխատաժողովին, որը նվիրված է Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-րդ տարեդարձին։ Մենք այժմ շատ զգայուն ժամանակահատվածում ենք գտնվում, և գիտահետազոտական կենտրոնների դերակատարությունը շատ կարևոր է, քանի որ մենք կկարողանանք հենվել պատմական փաստարկների վրա։ Մեր երկու երկրները պետք է ունենան հատուկ օրակարգ»։
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Գրիգոր Առաքելյանն անդրադարձել է Իրանում հայկական համայնքի ձևավորմանը, Նախիջևանի մասին պատմական փաստերին, նաև նրան, թե ինչպես Նախիջևանը սահման ունեցավ թուրքական աշխարհի հետ։
Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը ներկայացրեց Հայաստան-Իրան հարաբերությունների վերջին զարգացումները։ «Ամենակարևոր իրադարձությունը, որը տեղի է ունեցել 2022 թվականին, ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումն է։ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման տեսանկյունից։ Այս հարաբերությունների հետագա զարգացումը կնպաստի նաև տարածաշրջանում հավասարակշռության վերականգնմանը»,-ասաց Գրիգոր Մելքոնյանը։
Աշխատաժողովում ներկայացվել են նաև «Հայաստան-Իրան Էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները», «Քաղաքական հարաբերություններ Հայաստանի և Իրանի միջև», «Մշակույթի և տեղեկատվության ոլորտներում համագործակցություն երկու երկրների միջև» թեմաներով զեկուցումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան