Փաստաբան. 32 օր շարունակ Սեդա Սաֆարյանը խախտել է օրենքների պահանջները
«Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր լինելուն զուգահեռ շարունակել է փաստաբանական գործունեությունը»,-լրագրողների հետ հանդիպմանը պնդեց Legist ընկերության փաստաբան Արսեն Բաբայանը՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 28-ին դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելու փաստը հաստատել է Սաֆարյանը «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում։
Բաբայանը մանրամասնեց՝ Սաֆարյանն ասել է, բողոքը դատարան ներկայացվել ու մուտք է արվել դեկտեմբերի 5-ին, սակայն դատարանն այն վերադարձրել է, ինչից հետո ինքը բողոքը լրացրել է ու կրկին ներկայացրել դատարան։
«Այստեղ մի կարևոր փաստական հանգամանք պետք է նշենք, դատարանի կողմից վերադարձրած բողոքում փոփոխություններ կատարելը, լրացնելը, ապա այն ստորագրելն ու դատարան ներկայացնելը նույնպես փաստաբանական գործունեություն են։ Այսինքն, իրենք հաստատել են, որ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանը զբաղվել է փաստաբանությամբ»,-ասաց Բաբայանը՝ հիշեցնելով, որ Սաֆարյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 16-ից, իսկ ԱԺ կողմից ՍԴ դատավոր է ընտրվել սեպտեմբերի 15-ին ու հենց այդ օրից էլ ձեռք է բերում դատավորի կարգավիճակ, քանի որ որևէ մեկը չի կարող այդ կարգավիճակն իր ձեռքից վերցնել։
Նա, վկայակոչելով «Սահմանդրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կանոնները, ընդգծեց. «Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց»։
«Այն անձին, ում տիկին Սաֆարյանը ներկայացրել է, ոչ իր ազգակիցն է, ոչ իր խնամակալության ներքո է գտնվում։ Այսինքն, գործ ունենք դասական փաստաբանության հետ, որի իրավունքը ՍԴ դատավորը չունի»,-ընդգծեց Բաբայանը՝ հիշեցնելով, «Սահմանդրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածը նաև սահմանում է, որ ՍԴ դատավորը չպետք է օգտագործի կամ թույլ տա այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի։
Փաստաբանն ասաց, որ սա էական կարգապահական խախտում է, ապա մանրամասնեց՝ Սեդա Սաֆարյանը գիտակցել է, որ չի կարող զբաղվել փաստաբանական գործունեությամբ, դեռ անցած տարվա նոյեմբերի 30-ին դիմել է Փաստաբանների պալատի խորհուրդ՝ իր արտոնագրի կասեցման խնդրանքով՝ դիմում կից ներկայացնելով կառավարության որոշումն ու ԱԺ որոշումը։ Հենց նույն օրը նրա արտոնագիրը պալատը կասեցրել է։
«Տիկին Սաֆարյանը բոլորիցս լավ իմացել է, որ իրավունք չունի նման գործունեությամբ զբաղվել։ Դիմել է պալատին, պալատն էլ դիմումը բավարարել է։ Ես պնդում եմ, որ սա էական կարգապահական խախտում է։ Հիմնավոր կասկած ունեմ, որ դատարանում, կամ դիմացի կողմում, կամ դատախազությունում, կամ քննչական մարմնում Սեդա Սաֆարյանը ցանկացել է օգտագործել իր հեղինակությունը՝ որպես ՍԴ դատավոր, քանի որ ի վերջո բոլոր գործերն էլ կարող են հասնել ՍԴ»,-ասաց Բաբայանն ու շեշտեց, որ քննության առարկա պետք է դառնա Սեդա Սաֆարյանի կողմից ի շահ այլ անձի դատավորի պաշտոնի հեղինակությունն օգտագործելու վարկածը, որի հավանականությունը շատ բարձր է։
Նույն ասուլիսի մասնակից փաստաբան Սոս Հակոբյանն էլ խոսեց Սաֆարյանի կողմից անհամատեղելիության պահանջի խախտման մասին, ասաց, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը պետական հաշվառումից որպես անհատ ձեռնարկատեր հանվել է 2023 թ. հունվարի 27-ին։ Որպես ապացույց նա ցույց տվեց Պետական ռեգիստրից քաղվածք։
«Դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 27-ը Սեդա Սաֆարյանի կողմից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու ամեն օրը (32օր շարունակ կամ 32 անգամ նույն խախտումը կատարելը) օրենսդրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի (անհամատեղելիության պահանջի) խախտում է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան։
Փաստաբանները պնդում են, որ անհամատեղելիության պահանջների խախտումն ունի մեկ հետևանք՝ դատավորի լիազորությունները դադարում են օրենքով սահմանված կարգով։ ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ դիմում է ներկայացնում ՍԴ։ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումը ՍԴ-ն կարող է ընդունել դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։
ՍԴ դատավորի կողմից կարգապահական կանոնների խախտման հետևանքը կարող է լինել հետևյալ կարգապահական տույժերից մեկի կիրառումը.
1. Նախազգուշացում
2. Նկատողություն
3. Խիստ նկատողություն։
Նշված քննությունը կարող է նախաձեռնվել ՍԴ առնվազն երեք դատավորների դիմումով։ Կարգապահական խախտման գործով որոշումն ընդունվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Փաստաբանները նշեցին՝ պատրաստվում են միջնորդություն ուղարկել ԱԺ բոլոր խմբակցություններին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշում ընդունելու առաջարկով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան