Փաստաբանի նկատմամբ ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը. ՓՊ
ՀՀ Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն է տարածել ոստիկանության բաժնում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առնչությամբ.
«Երեկ՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում շարունակական բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ:
Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Փաստաբաններից մեկին ոստիկանության ծառայողները բռնությամբ դուրս են բերել ոստիկանության բաժնից:
Այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ:
Ոստիկանության ծառայողի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը անթույլատրելի է ընդհանրապես, սակայն առավել քան անընդունելի են այդպիսի գործողություններն իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ:
Անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հանձնառություն ունեցող դերակատարի նկատմամբ այդպիսի ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և տեղ չի կարող ունենալ ժողովրդավարական հասարակությունում: Ավելորդ է խոսել մարդու իրավունքի պաշտպանվածության մասին, եթե նույնիսկ փաստաբանն ապահովագրված չէ այսպիսի երևույթներից:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը.
.Խստագույնս դատապարտում է ոստիկանության ծառայողների բռնությունը փաստաբանների նկատմամբ,
.Պահանջում է իրավասու մարմիններին իրականացնել հետևողական քննություն դեպքի առնչությամբ և բոլոր մեղավոր անձանց կանչել քրեական պատասխանատվության,
.Հավաստիացնում է, որ անզիջում հետևողականություն է ցուցաբերելու, որ մեղավոր անձինք ենթարկվեն համարժեք պատասխանատվության,
.Կոչ է անում ՀՀ ներքին գործերի նախարարությանը, ներառյալ՝ ՀՀ ոստիկանությանը, միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը հետագայում իսպառ բացառելու ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Հետ ենք գնում 90-ականներ թվականներ. Փաստաբան
- Տիգրան Աթանեսյան. Պետության անկման հերթական դրվագը
- Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
- Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել. Արա Զոհրաբյան
- Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբանների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան