«Ժողովուրդ». Կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ պրոֆեսիոնալ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ և բաժիններ, որոնք տևական ժամանակ է՝ աշխատողներ չունեն: Թափուր աշխատատեղեր են առկա շատ գերատեսչություններում:
Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական համակարգը, փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել:
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։ Ըստ հաստիքացուցակի՝ նախարարությունը պետք է ունենա 331 հաստիք։ Նույն այս հաստիքացուցակով նախատեսված է, որ նախարարը կարող է ունենալ 6 տեղակալ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ունի 5 տեղակալ։
Հետաքրքիր է, որ նախարարությունը չունի նաև գլխավոր քարտուղար, սակայն ունի գլխավոր տեղակալի քարտուղար։Ամեն դեպքում, պաշտոնական կայքում առկա տվյալներն են այդ մասին հուշում։ Անդրադառնանք վարչություններին. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը չունի պետի տեղակալ, իսկ պետ չունի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունը։ Բաժիններում ևս կան թափուր տեղեր, օրինակ՝ պետեր չունեն Փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժինը, Օրենսդրության բաժինը, Զորահավաքային նախապատրաստության բաժինը, Ընդհանուր բաժինը։
Այս պահին նախարար Անդրեասյանը չունի նաև մամուլի քարտուղար։ Սա վկայում է մեկ բանի մասին. կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ պրոֆեսիոնալ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Բանկոմատները դատարկվել են ՀՀ իշխանությունների ցուցումո՞վ
- «Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության ներսում քննարկվում է Օհանյանի ու Չարչյանի մանդատները վայր դնել-չդնելու հարցը
- «Հրապարակ». Աննա Վարդապետյանի զույգ թիկնապահները նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք