Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է
Մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է։
94-ամյա Ազարյանը Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն է։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։
1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։
1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։
1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն։
1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։ 1964-2000 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին
2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը։