Երևանը ռուս զբոսաշրջիկների համար փետրվարյան հանգստյան օրերին պահանջված քաղաքներից է
Փետրվարի 23-ին նվիրված գալիք երկար հանգստյան օրերի համար ռուսները առավել շատ հյուրանոցային համարներ են պատվիրել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, իսկ արտասահմանյան ուղղություններից՝ Երևանի հյուրանոցները նույնպես մեծ պահանջարկ ունեն։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության մեջ։
Ծառայության վերլուծաբանները պարզել են, թե ռուսական և արտասահմանյան որ քաղաքներում են իրենց հաճախորդները հյուրանոցներ պատվիրել հաջորդ երկար հանգստյան օրերին:
«Այս տարի փետրվարի 23-ը հինգշաբթի է, ուստի ռուսները չորս հանգստյան օր ունեն: Այնուամենայնիվ, շատերը մի քանի օր արձակուրդ են վերցնում փետրվարի 18-26-ը լավ հանգիստ կազմակերպելու համար», - ընդգծել են OneTwoTrip-ում:
Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգը ճամփորդությունների համար ամենապահանջված քաղաքն է, հյուսիսային մայրաքաղաքին բաժին է ընկնում այս ժամանակահատվածի հյուրանոցների բոլոր ամրագրումների 18,2%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մոսկվան, որի մասնաբաժինը կազմում է 17,7%։
Արտասահմանյան ուղղությունների թվում ամենամեծ պահանջարկն ունեն Ստամբուլի հյուրանոցները, ամրագրումների 9,8%-ը կատարվում է թուրքական քաղաքում: Դուբային բաժին է ընկնում ամրագրումների ևս 5,3%-ը: Շատ ճանապարհորդներ ծրագրել են ուղևորություն դեպի Թաիլանդ։ Բացի այդ, առաջին տասնյակում է Երևանը (3,0%), Փարիզը (2,8%), Հռոմը (2,3%), Անթալիան (1,6%)։