Պետդեպարտամենտը պատասխանել է ՌԴ ԱԳՆ-ին
Նախօրեին կայացած ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։
Նրան ուղղվել է հետևյալ հարցը. «Դուք հավանաբար տեսել եք ձեր ռուս գործընկեր Մարիա Զախարովայի վերջին մեկնաբանությունները, որոնք քննադատում էին Վաշինգտոնի և Բրյուսելի խաղաղապահ ջանքերը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով, դրանք նպատակ ունեն խափանել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
Իմ հարցն այն է. ինչպես գիտեք, սա առաջին անգամ չեն անում, բայց դա տեղի է ունենում նաև նախքան Լավրովի հերթական հանդիպում կազմակերպելու փորձը… Դուք աջակցու՞մ եք Ռուսաստանի նախաձեռնությամբ հանդիպումներն այս փուլում»:
«Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խթանումը մնում է մշտական առաջնահերթություն ոչ միայն այս [ամերիկյան] վարչակազմի, այլ հատկապես պետքարտուղար [Էնթոնի] Բլինքենի համար, ինչի վկայությունն է նրա անմիջական ներգրավվածությունն այդ հարցերում անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Եվ դա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք կենտրոնանալ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ռուսական ագրեսիան և միակողմանի մոտեցումը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,- ասել է Վեդանտ Պատելը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ուղղություններով համագործակցությանը խաղաղության առաջխաղացման համար ՝ լինի դա երկկողմանի հիմունքներով, ԵՄ մեխանիզմներով կամ ԵԱՀԿ-ի միջոցով:
«Ինչպես ասացի, Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը մեզ համար մնում է մշտական առաջնահերթություն»,- ընդգծել է Պատելը։
Նշենք, որ Պատելն այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը. «Եթե Բաքու-Երևան-Թբիլիսի եռակողմ երկխոսությունը նպաստում է Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք։
Եթե այս նախաձեռնության հետևում տեսանելի են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա սա բոլորովին այլ պատմություն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները