Տյառնընդառաջ․ Կռապաշտությո՞ւն, թե՞ հաղթանակ կռապաշտության նկատմամբ
Հայաստանյան Առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշում է Տեառնընդառաջը՝ Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն։
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը:
«Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:
Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:
Տեառնընդառաջ բառը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:
Երբ լրանում է Աստվածորդու 40 օրականը, ծնողները Նրան տանում են տաճարին ընծայելու: Այստեղ Ս. Մարիամին ու Հիսուս մանուկին ընդառաջ է գալիս բարեպաշտ Սիմեոն ծերունին: Վերջինս Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: 300-ամյա սրբակենցաղ Սիմեոնը, Սուրբ Հոգով առաջնորդվելով, իմանում է, որ տաճար է գալիս Փրկիչը և ընդառաջ է գնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ առաջացել է «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:
Ե՞րբ է Տեառնընդառաջի տոնը:
Տեառնընդառաջը մեր Եկեղեցու ԱՆՇԱՐԺ տոներից է և ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին: Սա 40-օրյա Քրիստոսին տաճարին ընծայաբերելու տոնն է: Եվ հունվարի 6-ից հաշված 40-րդ օրը փետրվարի 14-ն է:
Ըստ եկեղեցական տոնակարգի՝ նախորդ օրը երեկոյան նշվում է նախատոնակ, որի ժամանակ ժողովրդական սովորության համաձայն եկեղեցուց բերած մոմերով մարդիկ տան բակերում փոքրիկ կրակներ են վառում՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տյառնընդառաջ․ Կռապաշտությո՞ւն, թե՞ հաղթանակ կռապաշտության նկատմամբ։ Հարցին պատասխանում է Թովմաս Առաքելյանը.
«Ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը։ Սա տոնն է նվիրված մանուկ Հիսուսի ընծայմանը Տաճարին։
Տեառնընդառաջ՝ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Անշուշտ, տոնի հետ կապված են որոշ ժողովրդական ավանդույթներ։ Այո, մեր հայրերն ուրախանում էին, որ հաղթել են կռապաշտությանը, հաղթել են հեթանոսական խավարին, և այլևս ոչ թե պաշտում են կրակը որպես Աստված, այլ վառում են կրակը, թռնում են կրակի վրայից, ոտնատակ տալիս այն՝ դրանով ազդարարում Քրիստոնեության հաղթանակը հեթանոսության և կռապաշտության նկատմամբ։
Եթե մենք ոտքի ենք կանգնել Տիրոջն ընդառաջ գնալու, ապա որևէ հակառակվող բերան պապանձվելու է մեր սրբազան ճանապարհին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան