Գրքեր՝ նաև գրադարանների համար
«Գիրք նվիրելու օրվա ավանդույթը ծնունդ է առել Հայաստանի ազգային գրադարանում 2006 թվականին Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ և մի լավ առիթով նշվել է գրադարանի պատերի ներսում։ 2007թ. ապրիլին գիրք նվիրելու օրն արդեն ընդգրկվել է ազգային գրադարանային շաբաթվա ծրագրում։ Իսկ երբ 2008-ին միջոցառմանը միացավ նաև Հայաստանի գրողների միությունը երջանկահիշատակ Լևոն Անանյանի աջակցությամբ այն շատ արագ տարածվեց գրական-հասարակական շրջանակներում և հատկապես լավ ընդունվեց երիտասարդության կողմից»,- նշում են Հայաստանի Ազգային գրադարանից։
Նախորդ տարիների պես Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, բոլոր գրախանութներում հատուկ զեղչեր են լինելու։
«Այս տարի առաջարկում ենք գրքերն իրար նվիրելուց բացի մտածենք նաև գրադարաններին նվիրելու մասին։ Տեսեք։ Երբ գիրքը նվիրում եք որևէ մեկի, ապա այն կարդացվում է մեկ անգամ, գուցե երկու-երեք։ Իսկ եթե ուզում եք, որ ձեր նվերը ավելի շատ կարդացվի, ապա Նվիրիր գրադարանին։ Ախր 50 անգամ ավելի շատ մարդ կկարդա։ 2-3 տարում մտավորապես հենց այդքան է կազմում լավ գրքի միջին շրջանառությունը։
Այդ նպատակով խորհրդակցելով գրադարանների և գործընկերների հետ՝ վերջին տարիներին լույս տեսած գրականության մի ցուցակ ենք կազմել, որին կարող եք ծանոթանալ այստեղից։ Այս գրքերից ցանկացածը լավ նվեր կլինի դպրոցական և համայնքային գրադարանների համար։
Գրադարանների համալրման և գրադարանային գործի զարգացման համար պատասխանատու տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այս ցուցակի վրա։ Եթե ուզում եք, իսկ դուք պարտավոր եք, ձեր համայնքում ունենալ մրցունակ և ընթերցողակենտրոն գրադարան, ապա ձեր քաղաքի և գյուղի գրադարաններում պետք է ունենաք այս ցուցակի գրականությունը»,- նշում են Ազգային գրադարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան