Գարեգին Երկրորդն ընդունել է նորապսակ սարկավագներին
Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարագի հաղորդմամբ, պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակաության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձել է տոնի խորհրդին՝ մարդ և Աստված հանդիպման կարևորությանը։
«Այդ սպասված հանդիպումը կարող է հիմնովին փոխել յուրաքանչյուրիս կյանքը, վերափոխել, վերադասավորել նույն կյանքի հանդեպ մեր առաջնայնություններն ու պատկերացումները՝ հնարավորություն տալով գլխավորը զանազանել երկրորդականից, անժամանակը՝ ժամանակավորից, հոգևորը՝ նյութականից, հայրենիքը՝ պարզ հողից։ Միայն այս դեպքում մենք կսկսենք այլ աչքերով նայել մեր ապրածին, վրա հասած փորձություններին, մեզ շրջապատող մարդկանց վարքին և ավելի ուշադրություն կդարձնենք հոգևոր-բարոյական արժեքներին, այսինքն՝ կմտածենք և կգործենք քրիստոնեաբար։ Եվ այդ ժամանակ աստվածատուր կյանքը կդառնա ավելի հետաքրքիր ու նպատակասլաց, իսկ ժամանակավոր դժվարությունները և փոթորիկները՝ Տիրոջով հաղթահարելի»,- նշել է Հայր Զաքարիան՝ հավելելով, որ Աստծու հետ հանդիպումն ավելի ամբողջական է դառնում, երբ մասնակցում ենք Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանում։
Սրբազան արարողության ավարտից հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ։
Այնուհետև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու հայրապետական պատգամն է փոխանցել սարկավագներին՝ նշելով, որ իր համար` իբրև Հայոց Հովվապետ, հաճելի է տեսնել, թե ինչպես են սարկավագները ընտանիքներ կազմում: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ շատերն Աստծու կամոք մոտ ապագայում իրենց նվիրյալ ծառայությունը կբերեն Հայ Եկեղեցու անդաստանում որպես ամուսնացյալ քահանաներ։
Հայոց Հայրապետը երիտասարդ զույգերին մաղթել է երջանկություն, լինեն միմյանց սիրող ու կարեկից և աստվածային խաղաղությունն ու սերը մշտապես անպակաս լինեն իրենց նորակազմ ընտանիքներից:
Հարակից հրապարակումներ`
- Տեառնընդառաջի պատարագ՝ Սուրբ Աննա եկեղեցում. «Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն այսօր էլ արդիական է»
- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը
- Տեառնընդառաջ․եկեղեցու բակում վառվեց խարույկը
- Տյառնընդառաջ․ Կռապաշտությո՞ւն, թե՞ հաղթանակ կռապաշտության նկատմամբ
- Տեառնընդառաջի նախատոնակի ավարտվին կվառվի խարույկը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա