Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է ներկա հավատավոր ժողովրդին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են՝ տերունական տոնի սկիզբն ազդարարվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե եկեղեցում կատարվեց Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել նախատոնակ, որից հետո կատարվել է տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվել են աշխարհի չորս կողմերը:
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգակցության ներքո Սուրբ Գայանե եկեղեցու Խորանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է ներկա հավատավոր ժողովրդին:
Նախատոնակից հետո հոգևորականների թափորն ուղղվել է դեպի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Հայոց Հայրապետի, վառվել է Տեառնընդառաջի խարույկը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր:
Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան