Տեառնընդառաջի պատարագ՝ Սուրբ Աննա եկեղեցում. «Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն այսօր էլ արդիական է»
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն։
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:
Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագին ներկա են տասնյակ քաղաքացիներ։
Տեր Վարազդատ քահանա Նաջարյանն իր քարոզում ասաց, որ այս տոնն իր մեջ կարևոր խորհուրդ է պարունակում. «Խորհուրդն է տիրոջ արարչագործության շարունակականության։ Տերն արարեց երկինքն ու երկիրը, ստեղծեց մարդուն, բայց չդադարեց արարելուց, այսօր էլ Աստված արարչագործում է, և երբ մենք կմտածենք, որ Աստված դադարեցրել է իր արարչագործությունը, ուրեմն առհասարակ պետք է դադարի երկիր մոլորակը, քանի որ Աստվածը շարունակ արարում է»։
Տեր Վարազդատ քահանան նշեց, որ յուրաքանչյուրը կարող է սխալվել հոգևոր ընթացքի մեջ. «Ուրեմն Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն այսօր էլ արդիական է, և այս տոնի խորհուրդը, կիզակետը Աստված է, Հիսուսը, և ոչ թե կրակը կամ այլ տարերային միջոցներ։ Հիսուսն է այս տոնի խորհուրդը, այս տոնի կիզակետը, և այս տոնի խորհրդի, մանուկ Հիսուսի, լույսի շուրջ, Տիրոջ շուրջ պետք է հավաքվենք և ասենք, որ մենք քեզանից երբեք չենք հեռանա, մենք միշտ ընդառաջ կգանք քեզ՝ քեզ երկրպագելու, մեր սրտերում ունենալու։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է ներկա հավատավոր ժողովրդին
- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը
- Տեառնընդառաջ․եկեղեցու բակում վառվեց խարույկը
- Տյառնընդառաջ․ Կռապաշտությո՞ւն, թե՞ հաղթանակ կռապաշտության նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան