«Ford»-ը Եվրոպայում կկրճատի մոտ 4000 աշխատատեղ
«Ford» ավտոարտադրողը էլեկտրամոբիլային տրանսպորտի արտադրությանն անցնելու ֆոնին պլանավորում է մինչև 2025 թվականը Եվրոպայում կրճատել շուրջ 4 հազար աշխատատեղ, այդ թվում՝ 2300-ը Գերմանիայում՝ Քյոլնում և Աախենում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «DW»-ը, փետրվարի 14-ին հաղորդել Է ընկերության տնօրինությունը:
«Այսօր հայտարարված միջոցառումներն ուղղված են Եվրոպայում արտադրական և վարչարարական ստորաբաժանումները տեղափոխելուն ավելի փոքր, կենտրոնացված պորտֆել, որն ավելի ու ավելի կենտրոնացած է էլեկտրական մեքենաների արտադրության վրա», - ասել է «Ford Germany»-ի ղեկավար Մարտին Սանդերը:
Գերմանիայում Ford-ի գործարաններում աշխատում է ընդհանուր առմամբ 19000 մարդ։ Ավտոարտադրողը նախատեսում է կրճատել 1700 զարգացման և 600 վարչական աշխատողների: Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ վայրերում կրճատումների դեպքում ընդհանուր առմամբ կվերացվի 3800 աշխատատեղ: Ավտոարտադրողի որոշմանը նախորդել են արհմիությունների հետ բանակցությունները, որոնք տևել են մի քանի շաբաթ։