Սիրիայից հայ փրկարարները ժամանել են Հայաստան
Փետրվարի 13-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Արդեն այսօր՝ փետրվարի 14-ին, հայ փրկարարները ժամանեցին Հայաստան:
Նրանց դիմավորեցին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Օդանավակայանում դիմավորելով փրկարարներին, Կամո Ցուցուլյանն անձամբ իր և Ներքին գործերի նախարարի անունից շնորհակալություն հայտնեց փրկարարներին՝ կատարած աշխատանքի և անձնուրաց ծառայության համար:
Աղետի գոտում շուրջ 7 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական, առաջին բուժօգնության, կինոլոգիական խմբերով աշխատանքներ:
Հալեպում գտնվելու կարճ ժամանակահատվածում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպեցին և անցկացրեցին ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով:
Նախօրեին հայկական թիմի ղեկավարությանն ընդունեց Հալեպի նահանգապետը, ով իր երախտագիտությունը հայտնեց հայ փրկարարներին և վերջիններիս հանձնեց Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիր՝ ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի նահանգապետը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին
- Փրկարարները Թուրքիայում փլատակներում գտնվող կաթսայում հայտնաբերել են 150 հազար դոլար
- Մեզ համար շատ կարևոր էր այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի․ Դեսպան
- Հալեպում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան