Երևանը պատրաստ է խաղաղություն վերականգնել Անկարայի հետ. Միրզոյանը Չավուշօղլուի հետ ասուլիսում
«Հայաստանը համերաշխություն հայտնեց և բարեկամության ձեռք մեկնեց Թուրքիայի ժողովրդին ավերիչ երկրաշարժերի հետևանքների ֆոնին, ինչի համար մենք երախտապարտ ենք Երևանին»,- aa.com.tr-ի հաղորդմամբ՝ Անկարայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա բարձր է գնահատել Հայաստանից ժամանած փրկարարների աշխատանքը, որոնց հաջողվել է փլատակների տակից փրկել Թուրքիայի բնակիչներին։
«Հայաստանից աղետի գոտի է ժամանել 28 փրկարար։ Փետրվարի 8-ից սկսած՝ նրանք նվիրումով աշխատեցին և փրկեցին Ադիյամանում մի փոքրիկ աղջկա և մի երիտասարդ բնակչի»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Թուրք նախարարը նշել է նաև Հայաստանից երկրաշարժի գոտի 100 տոննա մարդասիրական օգնության ուղարկելու փաստը։
Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ գտնվելով Թուրքիայում այս դժվարին ժամանակաշրջանում՝ վերահաստատում է խաղաղություն կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը։
Միրզոյանը ուշադրություն է հրավիրել մարդասիրական օգնության մատակարարման համար հայ-թուրքական սահմանին անցակետի բացման վրա, որը տասնամյակներ շարունակ փակ է մնացել։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Միրզոյանն ասել է, որ Երևանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը և երկրների միջև խաղաղության վերականգնմանը։
«Ցանկանում եմ ցավակցությունը հայտնել այս երկրաշարժերի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Մենք վերապրեցինք 1988-ի երկրաշարժը և իսկապես գիտենք այն ցավը, որ այժմ ապրում է Թուրքիան և նրա ժողովուրդը: Նմանատիպ աղետները ողբերգություն են ողջ մարդկության համար, և մենք պետք է համերաշխություն դրսևորենք՝ նման իրավիճակներում հումանիտար ճգնաժամերի դեմ պայքարելու համար»,- ասել է նա։
Միրզոյանը նաև նշել է. «Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու պատրաստակամությունը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը դիվանագիտական հարաբերությունների հաստատելու համար»։
Մևլութ Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի։
«Այսօր իմ գործընկեր Միրզոյանի հետ քննարկել ենք հարաբերությունների կարգավորումը շարունակելու համար անհրաժեշտ քայլերը... պայմանավորվել ենք արագացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն։
«Հայ գործընկերը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին... Եթե երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, դա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, սա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով, Հայաստանի և Թուրքիայի սահմանին անցակետերի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են՝ վերանորոգվում են դեպի դրանք տանող ճանապարհներն ու կամուրջները։
Սա Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա, ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումի և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։
(Թարմացված)
ՀՀ ԱԳՆ կայքում ներկայացված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով.
«Փետրվարի 15-ին Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ԱԳ նախարար Միրզոյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ պարոն Չավուշօղլու,
Հարգելի՛ ներկաներ,
Նախևառաջ, Հայաստանի Հանրապետության անունից ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին:
Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988թ․ Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։
Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ։ Եվ աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։ Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։ Եվ հենց այս սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։
Շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և, ընդհանուր առմամբ, հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար:
Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին՝ իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր:
Խորհրդանշական եմ համարում նաև, որ շաբաթ օրը շուրջ երեսուն տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց՝ Ադիյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման:
Հարգելի՛ ներկաներ,
Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն, այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը։
Ուզում եմ տեղեկացնել, ինչպես նախարար Չավուշօղլուն քիչ առաջ նշեց, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»»:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդես կգան հայտարարություններով. «Արմենպրես»
- Տոյվո Կլաարը պատմական է որակել Արարատ Միրզոյանի՝ այսօր կատարելիք այցը Թուրքիա
- Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Թուրքիա
- Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացման. ԱԽ քարտուղար
- Նույնիսկ Հայաստանի բյուջեից գնացող օգնությունը Թուրքիան ծառայեցնում է իր նպատակների շահին
- Հայաստանի՝ Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը տրամաբանության մեջ չի տեղավորվում. Աբրահամյան
- Ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, հուսանք՝ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին. ՔՊ-ական պատգամավոր
- Թուրքիային օգնեցին, Արցախին՝ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան