Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը
Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարների շարժական ցուցահանդեսը։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրված լուսանկարներում խաղաղ և պատերազմական օրերի դրվագներն են՝ ինչպես Արցախից և Հայաստանից, այնպես էլ՝ Ռուսաստանից, Իտալիայից, Իսրայելից, Չեխիայից և Սլովակիայից: Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Նարե Նիկողոսյանը տեղեկացրեl 1, որ նախաձեռնության հեղինակը երևանաբնակ լուսանկարիչ Արմեն Ենգոյանն է:
«Ցուցահանդեսի՝ նրա մտահղացումը ծնվել է դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Ի աջակցություն արցախահայության՝ նա փորձել է մեկ գաղափարի շուրջ համախմբել նաև այլ երկրների լուսանկարիչների»,-մանրամասնել է նա՝ հավելելով, որ ցուցահանդեսին ներկայացվել են 23 լուսանկարչի գործեր:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մտահղացման հեղինակը չի կարողացել ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը, իսկ կազմակերպչական աշխատանքները համակարգում է արցախցի քանդակագործ Արմեն Պետրոսյանը:
«Այսօր աշխարհի հետ խոսելու լավագույն միջոցներից մեկն էլ մշակույթն է, այդ թվում նման լուսանկարների ցուցադրությունը: Մեր օրերում, երբ բառերը մի տեսակ կարծես արժեզրկվել են, արվեստն ու մշակույթն են դարձել այն զենքը, որով կարելի է պայքարել, ավելի անկեղծ, պարզ ու մարդկային զգացմունքների լեզվով խոսել համաշխարհային հարթակներից ու միջազգային հանրության հետ: Կարծում եմ, որ այս ցուցահանդեսը հենց դրա վառ ապացույցն է: Յուրաքանչյուր լուսանկարում կարելի է տեսնել հայրենիք՝ ուրույն դրսևորումներով: Օտարազգի լուսանկարիչներն ներկայացրել են իրենց երկրի վերաբերյալ այնպիսի դրվագներ, որոնք համահունչ են նաև այսօրվա մեր իրականությանը»,-համոզմունք է հայտնել Ն. Նիկողոսյանը:
Նրա խոսքով, շարժական ցուցահանդեսը ներկայացվել է նաև Մարտակերտ, Ասկերան քաղաքներում, Բերդաշեն և Մաղավուզ համայնքներում: Ստեփանակերտի պատկերասրահում այն բաց կլինի մինչև ընթացիկ տարվա փետրվարի վերջ: Նախատեսվում է նաև լուսանկարները ներկայացնել Երևանում: