Հայաստանում 2027 թ-ից առողջության ապահովագրական համակարգը բոլորի համար պարտադիր է լինելու
Ապահովագրական համակարգերը բարեհաջող գործում են, եթե առաջնային օղակն ունի կարողություններն իր վրա վերցնելու հիմնական բեռը։ Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Հայաստանում ներդրվող առողջության համապարփակ ապահովագրության համակարգն՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ պետք է լուրջ աշխատանք տարվի, որպեսզի ոլորտը պատրաստ լինի անցում կատարել պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգին։
Մասնավորապես, ըստ Անահիտ Ավանեսյանի՝ ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ-ի զարգացման ռազմավարությունում սահմանվել են առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշները և անհրաժեշտ թիրախային միջոցառումները, որպեսզի ապահովագրության համակարգին անցումը սահուն լինի, և ամենակարևորը՝ գործի հանրային շահին համապատասխան։
Նրա խոսքով՝ առաջին հերթին աշխատանքներն ուղղվելու են առողջության պահպանության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաններում և ամբուլատոր հաստատություններում մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը։
«Դա վերաբերում է ինչպես շենքային պայմանների, ենթակառուցվածքների, այնպես էլ ծառայությունների որակի բարեփոխմանը։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ապահովագրական համակարգերը բարեհաջող գործում են, եթե առաջնային օղակն ունի կարողություններն իր վրա վերցնելու՝ մարդկանց առողջության մասին հոգ տանելու, պահպանելու հիմնական բեռը»,- ասաց նա։
Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև պոլիկլինիկաների կապիտալ շինարարությանը։
«Մինչ այս՝ ընդհանրապես կապիտալ ծախսերն 90%-ով ուղղվել են միայն հիվանդանոցային օղակի բարեփոխումներին, և այս ծրագրի ավարտին՝ 2 տարվա ընթացքում, կունենանք թե՛ մարզային, թե՛ քաղաքային ամբողջությամբ արդիականացված հիվանդանոցային օղակ», - ընդգծեց նախարարը:
Ըստ նրա՝ արդեն այս տարի կվերանորոգվի ու կվերազինվի 5 պոլիկլինիկա, բացի այդ, համայնքներում կկառուցվի 20 ամբուլատորիա։ Ավանեսյանը միաժամանակ նշեց, որ արդեն իսկ մեկնարկել է 3 նոր ամբուլատորիաների շինարարությունը։
Նախարարը հայտնեց, որ հունվարի 1-ից սկսած Հայաստանում գործող բժշկական ողջ անձնակազմը պետք է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունենա։ Բուժաշխատողներն, ըստ նրա, պարտավոր են կրեդիտներ հավաքել՝ մասնակցելով դասընթացների, սեմինարների, թարմացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Բացի դրանից, Հայաստանում ներդրվելու է բժիշկների լիցենզավորման ինստիտուտը։
Առողջապահության նախարարի խոսքով՝ այս ամենն արվում է, որպեսզի հանրապետությունում ներդնեն առողջության համապարփակ ապահովագրության համակարգ։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ համակարգը ներդրվելու է փուլային եղանակով. 2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար համակարգը կսկսի գործել: «Բացի այդ, կսկսի գործել կամավոր ապահովագրական համակարգը։ Այսինքն՝ այն քաղաքացին, որը կցանկանա կամավոր միանալ համակարգին, ամսական վճարների միջոցով կարող է ներգրավվել, իսկ պետությունը կսկսի միջին աշխատավարձից ցածր եկամուտներ ունեցողների համար նաև սուբսիդավորման համակարգ ներդնել»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ 2025թ-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, որոնք ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից, իսկ 2027թ-ից հանրապետությունում ամբոջությամբ կգործի պարտադիր ապահովագրական համակարգը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան