«Ժողովուրդ». ՔՊ-ականները փորձել են «նեղը գցել» ԱԽ քարտուղարին ու բացատրություններ են պահանջել նրանից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ դռնփակ քննարկում են անցկացրել:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի և ԱԽ քարտուղարի փակ քննարկումից: Տեղեկացանք, որ քննարկումը տևել է մոտ 4 ժամ. սկզբում քննարկվել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ ռազմական դրության ժամանակ նախատեսվում են հեռուստատեսությամբ, ինտերնետով և սոցիալական կայքերով հրապարակվող տեղեկատվության մի շարք սահմանափակումներ: Հանդիպման այս հատվածին մասնակցել են նաև փորձագետներ և փոխնախարարներ:
Արդեն հանդիպման կեսից քննարկումն ավելի փակ ռեժիմի է անցել, փոխնախարարները և փորձագետները հեռացել են, ՔՊ-ականները և Արմեն Գրիգորյանը մնացել են դեմ առ դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներն իրենք են պահանջել, որ Արմեն Գրիգորյանն անձամբ գա ԱԺ ու ներկայացնի, թե հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ինչ փուլում են: ՔՊ-ականները ԱԽ քարտուղարին անհանգստություն են հայտնել, թե, իրենց տպավորությամբ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, կարծես թե, առաջընթաց չկա, համենայնդեպս, իրենք ոչնչից տեղեկացված չեն:
Արմեն Գրիգորյանը հանգստացրել է պատգամավորներին, որ բանակցություններն իրենց հունով ընթանում են: ԱԽ քարտուղարը ՔՊ-ականներին մանրամասն ներկայացրել է՝ այս պահի դրությամբ հայկական կողմն ինչի շուրջ է բանակցում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Գրիգորյանը, մասնավորապես, հայտարարել է, որ աշխատանքները հիմնականում տարվում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, ուսումնասիրում են Բաքվի փոխանցած նոր առաջարկները խաղաղության պայմանագրի տեքստի մասով, որպեսզի հասկանան՝ որ կետին համաձայնեն, որին՝ ոչ:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ հանդիպումը թեժ է եղել հատկապես այն առումով, որ ՔՊ-ական հ/կ թևը Արմեն Գրիգորյանին մեղադրել է, թե նա տապալել է իր առջև դրած «առաքելությունը», այն է՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը:
Այսպիսով, ՔՊ-ականները փորձել են «նեղը գցել» ԱԽ քարտուղարին ու բացատրություններ են պահանջել նրանից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան