Էստոնիայի վարչապետը ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հինգշաբթի օրը Տալլին ժամանած ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Ուկրաինային ռազմական օգնության ավելացումը և արևմտյան պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների ավելացումը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությանը։
«Ուկրաինայի հաղթանակն ապահովելու համար դաշնակիցների ռազմական օգնությունը պետք է շարունակվի և ավելանա, իսկ պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի հնարավորությունները պետք է սահմանափակվեն։ Մենք նաև պետք է մեծացնենք պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունը։ Այն անհրաժեշտ է ինչպես Ուկրաինային զինամթերք տրամադրելու,այնպես էլ սեփական պաշտպանական և վերակառուցման ռեզերվները ամրապնդելու համար»,- Կալլասի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։