«Կինն անկողնում պառկած է, դուռը կոտրում, մտնում են». Լարված վիճակ է ՊՆ նախկին շենքի մոտ
Պաշտպանության նախկին նախարարության շենքի մոտ լարված վիճակը պահպանվում է։ Այստեղ են եկել բազմաթիվ ոստիկաններ շենքից հանելու այնտեղ ապրող մարդկանց։
Շենքում ապրող բնակիչները պատմեցին, որ բազմաթիվ ոստիկաններ այսօր վաղ առավոտյան են եկել։ Բոլորին, այդ թվում մանկահասակ երեխաներին դուրս են հանել։
«Ոստիկանները մեզ ասում են՝ իրենց հանդեպ հարգանք ունենաք։ Իրենք հարգանք ունեցա՞ն մեր նկատմամբ։ 40 հոգով լցվեցին մեր տուն, երեխեն վախից տակը չիշիկ արեց։ Ինչի՞ համար, հանցագործի տուն էին մտե՞լ»,-լրագրողներին պատմեց շենքի բնակիչ կանանցից մեկը։
Մարդիկ նշում են՝ այնտեղ ապրողները բոլորն էլ անօթևան, չունևոր մարդիկ են։
«Մարդասիրություն արեք, թողեք այս բլած շենքի մեջ մարդիկ ապրեն»,-նշում են նրանք։
Կանայք պատմում են, որ նույնիսկ չեն թողել իրենց տներից ապրանքներ վերցնել, իսկ տղամարդկանց մի մասին տարել են ոստիկանության բաժիններ։
«Հիմա ես ասում եմ՝ թուրքի լամուկին, որ սոված է, օգնություն եք ցուցաբերում, մեր երեխաներին վախեցնում եք, քաշքշում եք, ճի՞շտ երևույթ է։ Չորս ամսական երեխան գոռում է, մորը թույլ չեն տալիս մոտենալ։ Սա ի՞նչ բան է, բոլոր դռները կոտրել են, կինն անկողնու մեջ պառկած է, դուռը կոտրում են, մտնում են, ահավոր վիճակ է։ Տղամարդկանց տարել են, որ դիմադրություն, ուժ ցույց չտան»,-պատմում է մեկ այլ բնակիչ, որի ամուսնուն տեղափոխել են ոստիկանության Եղվարդի բաժին։
Ոստիկանության ներկայացուցիչները բնակիչներին հավատացրին՝ բոլոր իրերն անվնաս են, հետո կհանձնվեն բնակիչներին, ապա խնդրեցին ազատել տարածքը։
«Ես դուրս չեմ գալու, ծեծելո՞վ եք հանելու, ճիպոտո՞վ։ Թող Նիկոլը տանի իմ երեխային իր տանը պահի, մենք փողոցում ենք հայտնվել»,-ասաց տարեց մի կին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան