«Պարոն Ազնավուրը». առաջին գեղարվեստական ֆիլմը՝ Շառլ Ազնավուրի մասին
2024 թվականին կներկայացվի հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Արտադրության երկիրն է Ֆրանսիա։
«Սպասված ու բացառիկ այս նախագծի մասին այլ մանրամասներ խոստանում ենք պատմել առաջիկայում»,- հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Ֆրանսիայում։ Հայ գաղթականների ընտանիքում ծնված Շառլը, ով չնայած դժվարություններին, համաշխարհային համբավ է ձեռք բերել և ճանաչվել 20-րդ դարի լավագույն երգիչ։
100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ Շառլի իրական անուն-ազգանունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան է։
Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի:
«Մեր երկրում պոետները չեն մեռնում»,- սա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոսքն է բանաստեղծ, կինոդերասան, հասարակական գործիչ մեծ շանսոնիե Շարլ Ազնավուրի մասին: