«Ժողովուրդ». Իսկական աժիոտաժ է առաջացել Արցախի քաղաքական և հասարակական դաշտում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արայիկ Հարությունյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծն իսկական աժիոտաժ է առաջացրել Արցախի քաղաքական և հասարակական դաշտում:
«Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները հայտնեցին, որ Արցախում գրեթե բոլորը տարակուսած են Հարությունյանի այսչափ շտապողականությունից, վստահ են՝ նա հենց այնպես նման քայլի չէր գնա առանց քաղաքական դրդապատճառների, բայց թե ինչ է կատարվում իրականում, դեռ չեն կարողանում հասկանալ:
Այսպիսով, Արցախի նախագահի առաջարկած փոփոխությունը իրենից ենթադրում է հետևյալը. ֆորսմաժորային իրավիճակներում, այն է՝ երբ օրինակ նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլևս ի վիճակի չէ պաշտոնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին։ Ընդգծենք, որ սա չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին, Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ընտրելու է ժողովուրդը:
Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ էլ դեռևս 2022թ.-ին մշակել էին նաև Արցախի ԱԺ 5 խմբակցությունները միասին, որը, սակայն, դեռ խորհրդարան չի ներկայացվել: Արցախի ԱԺ խմբակցությունների հեղինակած այս նախագծով ևս, ի թիվս Սահմանադրական մի շարք բարեփոխումների, նախատեսվում էր նաև խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություն տալը:
Արայիկ Հարությունյանը, չգիտես՝ ինչու, առաջ է ընկել, այդ փաթեթից առանձնացրել է նախագահի ընտրություններին առնչվող այս դրույթը և արագացված կերպով այն ներկայացրել է խորհրդարանին:
Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը նախ պետք է ուղարկվի Արցախի գերագույն դատարան, որի հաստատմանն արժանանալուց հետո այն նորից պետք է վերադառնա Արցախի ԱԺ՝ Պետաիրավական հանձնաժողով։
Եթե ԱՀ գերագույն դատարանը չհաստատի նախագիծը, այն կճանաչվի հակասահմանադրական և դուրս կգա շրջանառությունից
Գերագույն դատարանում և ԱԺ գլխադասային հանձնաժողովներում հաստատվելուց հետո միայն նախագիծը կմտնի լիագումար նիստերի օրակարգ:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր):
Հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանի՝ «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ»-ն խորհրդարանում ունի 16 պատգամավոր՝ ստացվում է, որ նախագիծը անցկացնելու համար անհրաժեշտ կլինի հավելյալ 4 ձայն։
Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի թիմակիցները՝ «Միասնական Հայաստան» խմբակցության պատգամավորները, անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն Հարությունյանին և կապահովեն անհրաժեշտ ձայներ նախագիծն անցկացնելու համար:
Այսպիսով, նախագիծն արդեն ընդունվելուց հետո ֆորսմաժորային իրավիճակներում Արցախ ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա առաջադրելու նախագահի իր թեկնածուին, իսկ նախագահը խորհրդարանում կընտրվի կրկին պատգամավորների 2/3-ի ձայներով:
Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
Արցախում բոլորն այն համոզմանն են, որ Արայիկ Հարությունյանը նման նախաձեռնություն է սկսել Նիկոլ Փաշինյանի պատվերով:
Այնտեղի քաղաքական դաշտում մի քանի սցենարներ են շրջանառվում՝ սրա հետ կապված՝ առաջին՝ Հարությունյանը անվտանգային գերլարված իրավիճակում քաղաքական նման նախաձեռնություն է սկսել, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի կարևոր հարցերից, իսկ Փաշինյանն էլ կարողանա Լաչինի հարցը լուծել այնպես, ինչպես իրեն ձեռնտու է:
Շրջանառվող երկրորդ սցենարն էլ հետևյալն է. Արայիկ Հարությունյանը փորձելու է օգտագործել իր հրաժարականի թեման Ռուբեն Վարդանյանի վրա ճնշում գործադրելու և վերջինիս պաշտոնանկությանը հասնելու համար: Ինչպես հիշում ենք, նախագահի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններ կային նաև հունվարի 14-ին ու 15-ին, երբ Հարությունյանի ու Վարդանյանի կոնֆլիկտը հրապարակային դաշտ դուրս եկավ:
Այն ժամանակ, սակայն, շատերը այդ հնարավոր որոշումը որակեցին որպես անպատասխանատու, քանի որ առկա պայմաններում Արցախում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը դժվար է պատկերացնել: Խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություններով օժտելը հրաժարականի սպառնալիքը ավելի իրատեսական է դարձնում: Արայիկ Հարությունյանը կարող է իրոք հրաժարական տալ, սակայն Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող իր խմբակցության միջոցով նախագահի պաշտոնում ընտրել իր լոյալ թիմակիցներից մեկին` պահպանելով իշխանական որոշակի լծակներ:
Հավանական է նաև, որ Հարությունյանը իրոք հակված է հեռանալ քաղաքականությունից և այս փոփոխության միջոցով ցանկանում է այդ որոշումը կյանքի կոչելու համար սահմանադրական մեխանիզմ ստեղծել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են