Կոնֆլիկտը վատի և վատթարագույնի միջև է․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի՝ Բաքու ուղարկած խաղաղության պայմանագրին և Փաշինյանի այն մեկնաբանությանը, թե փաստաթղթի մշակման տրամաբանությունը ցանկացած պահի ստորագրելու պատրաստ լինելն է, ասաց, որ այն սկզբունքները, որոնք ի սկզբանե դրվել են փաստաթղթի հիմքում, հակասել են նվազագույնն այն տրամաբանությանը, որոնք եղել են մինչև 2018թ․-ը, երբ ամրագրված էր Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։
«Սա ակնհայտորեն հետնահանջ է ինքնորոշման իրավունքի սկզբունքից, ինչը չի ապահովում Արցախի հետ կապված գործընթացն՝ Ադրբեջանից դուրս։ Այսինքն՝ այդ գործընթացը, որն Ադրբեջանը ներկայացնում է իր 5 սկզբունքների և Հայաստանի առաջարկած սկզբունքների շրջանակներում, չի ենթադրում Արցախի ինքնորշման իրավունքի առկայություն և իրացում։ Իսկ դրա բացակայության պայմաններում,թե Արցախը ինչ կարգավիճակով կլինի Ադրբեջանի կազմում, ոչ միայն չի արտահայտում Հայաստանի և Արցախի շահերը, այլ նշանակում է՝ Արցախում ապրող մարդկանց ֆիզիկական սպառնալիք և հայկական Արցախի գոյության ավարտ»,- նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ կոնֆլիկտը վատի և վատթարագույնի միջև է։
«Այն ինչ ներկայացնում է Ադրբեջանը, առավել ևս հիմա առավելապաշտական մոտեցումների համատեքստում, Հայաստանի իշխանությունների մոտեցումները թեև որոշակի տարբերվում են, բայց դրանք վատի և վատթարագույնի շրջանակում են, քանի որ չի արտահայտում ինչպես 90-ականների, այնպես էլ այսօր Արցախի իշխանությունների կողմից հնչեցվող պաշտոնական դիրքորոշումը»,- ասաց փորձագետն ու հավելեց․
Անդրադառնալով այն հարցին, թե ինչի հետևանքով ենք եկել հասել այն վիճակին, երբ ընտրում ենք վատի և վատթարագույնի միջև, Աբրահամյանը շեշտեց, որ դա արդյունք է գործող իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական կուրսի և Արցախի հարցով տարվող գործընթացի։
«Կարծում եմ՝ պետք է անել առավելագույնը գոնե պաշտոնական մակարդակում ինքնոշորման իրավունքի սկզբունքն օրակարգում պահելու համար։ Եթե իրավիճակը տանենք վատի և վատթարագույնի սցենարի շրջանակներում, Արցախը տանենք ադրբեջանասպան ճանապարհով, ապա սա ենթադրում է, որ հաջորդիվ օրակարգ են գալու Սյունիքի, Գեղարքունիքի հարցերը»,-հավելեց պատգամավորը։