Եվրամիությունը սառեցրել է 21,5 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները
ԵՄ-ն այսօր սառեցրել է Ռուսաստանի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց 21,5 միլիարդ եվրոյի ակտիվները, շարունակում է աշխատել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների վրա։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։
«Մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների վրա, որոշ ակտիվներ և գործարքներ սառեցվել են, այդ թվում՝ Euroclear-ի միջոցով», - ասել է նա Բրյուսելում։
Օրեր առաջ Պետդեպարտամենտի միջազգային աջակցության դեպարտամենտի ղեկավար Դաֆնե Ռենդը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են շարունակել ռուսական ակտիվների բռնագրավումը։ Պետդեպարտամենտն այժմ փորձում է հասկանալ, թե ինչպես լավագույնս տնօրինել բռնագրավված միջոցները։
Եվրամիությունը 2022 թվականի գարնանից հայտարարել է Ռուսաստանի ԿԲ-ի մոտ 300 մլրդ եվրոյի ակտիվների արգելափակման մասին։ Սակայն, ինչպես հայտնել Է Bloomberg գործակալությունը, Բրյուսելում փաստացի չգիտեն, թե որտեղ են գտնվում բոլոր ակտիվների 86 տոկոսը, որոնք տեսականորեն պետք է սառեցվեն: Այդ պատճառով ԵՄ-ն այժմ ֆիզիկապես ի վիճակի չէ առգրավել ու Ուկրաինային փոխանցել այդ գումարը։ Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ԵՄ իրավաբանական ծառայությունը փետրվարի 9 - ին Եվրամիության գագաթնաժողովին ընդառաջ փաստաթուղթ է պատրաստել, որում սառեցված ռուսական ակտիվների ընդհանուր չափը գնահատել է 258 մլրդ դոլար՝ հստակեցնելով, որ այդ գումարից ներկայումս կա ոչ ավելի, քան 36,4 մլրդ դոլարը` մոտ 14 տոկոս: