«Հրապարակ». Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել դետեկտիվ ժանրի օրենսդրական փոփոխություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել դետեկտիվ ժանրի օրենսդրական փոփոխություն, որով առաջարկում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նպատակով լրացում կատարել համապատասխան օրենքում՝ իրականացնելով էլեկտրոնային հսկողություն` «ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ»:
Հսկողություն իրականացնող մարմինն էլ կլինի ներքին գործերի նախարարությունը։ Նախագծում նշվում է, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և պարզել, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկա:
«Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը` կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու և բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով»:
Որոշ երկրներում այս սարքի միջոցով ոստիկանությունը կարող է ուղիղ խոսել իրավախախտի հետ` տեղադրված բարձրախոսով: Եթե բռնարարը դուրս է գալիս օրենքով սահմանված տարածքից և փորձում է հասնել զոհի տարածք, ապա սարքավորումն ազդանշան է տալիս ե՛ւ զոհին, ե՛ւ ոստիկանությանը: Համակարգը կազմված կլինի 2 սարքավորումից` հատուկ հսկողության ձեռնաշղթաներ (բրասլետներ)՝ մեղադրյալի համար, և ծանուցող սարք՝ այն անձի համար, ումից մեղադրյալին հրահանգվել է հեռու մնալ:
«Նշված ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու ընտանեկան բռնության զոհերի անվտանգությունը և հեռու պահել բռնարարին զոհից»,- գրված է տեքստում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա