«Ժողովուրդ». Արցախի գլխավոր դատախազի դեմ հարձակումներն առավել մեծ թափ են ստանալու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջին օրերին Արցախում ստեղծված լարվածության ֆոնին քաղաքական ուժերի ու տարբեր դերակատարների միջև տեղի են ունենում «փոխհրաձգություններ», հնչում են մեղադրանքներ: Թիրախում է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Պարզվում է՝ խնդիրը ոչ միայն քաղաքական երանգներ ունի, այլև ուղղակիորեն կապված է գլխավոր դատախազի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ վերջին տասը տարում ծավալած գործունեությունն ուսումնասիրելու նախաձեռնության հետ:
Դատախազությունն արդեն համապատասխան հարցումները հասցեագրել է հիշյալ հիմնադրամներին՝ պահանջելով տրամադրել տեղեկություններ հիմնադրամների կողմից ֆինանսավորված անձանց, միջոցների չափի ու նպատակների վերաբերյալ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների ղեկավարների հետ անց է կացվել խորհրդակցություն, որի ընթացքում ձեռք է բերվել օպերատիվ տվյալները մեկտեղելու և համագործակցված աշխատելու պայմանավորվածություն:
Այս ամենին բնականաբար դեմ են ոչ միայն գործող և նախկին իշխանությունները, քանզի կարող են բացահայտվել նրանց հետ փոխկապակցված մի շարք անձանց տվյալներ, այլև այդ հիմնադրամների գործունեությունից օգտված անձինք: Տարբեր շրջանակներում գլխավոր դատախազն ուղիղ հայտարարել էր, որ թույլ չի տալու որևէ մեկին թաքնվել այս կամ այն պաշտոնյայի թիկունքում և հիմնադրամներից ստացված գումարները օրենքի սահմաններում պետք է վերադարձվեն՝ առանց բացառության, ընդ որում գործընթացը պետք է սկսվի ամենամեծ աջակցությունը ստացած անձանցից:
Այս ամենը բնականաբար ընդունվում է շատ մեծ ընդվզումով, ուստի գլխավոր դատախազի դեմ հարձակումները դեռ շարունակվելու են և առավել մեծ թափ են ստանալու, երբ գործընթացները սկսեն առավել առարկայանալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները