Լատվիան Ուկրաինային կփոխանցի հարբած վարորդներից առգրավված մեքենաները
Լատվիայի խորհրդարանը՝ Սեյմը, հավանություն է տվել Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն աջակցության մասին օրենքում փոփոխություններին, որոնք թույլ կտան հարբած վարորդներից առգրավված մեքենաները փոխանցել Ուկրաինայի կառավարությանը։
«Սեյմն ընդունել է փոփոխություններ, որոնք հրատապ են ճանաչվել Ուկրաինայի քաղաքացիական անձանց աջակցության մասին օրենքում: Դրանք նախատեսում են պետական տրանսպորտային միջոցների անվճար փոխանցում Ուկրաինայի կառավարությանը` ուկրաինական հասարակության ընդհանուր աջակցության համար»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարությունում։
Պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռայմոնդս Բերգմանիսի խոսքով՝ ներկայում հարբած վարորդներից առգրավված տրանսպորտային միջոցները հնարավոր է իրացնել՝ վաճառելով դրանք, հանձնելով դրանք վերամշակման կամ վերածելով պահեստամասերի, «սակայն ներկա պայմաններում դրանք անհրաժեշտ աջակցություն կլինեն Ուկրաինայի ժողովրդի համար»։
Լատվիայի Սեյմը 2022 թվականին օրենք է ընդունել, որի համաձայն՝ հարբած վարորդներից առգրավում են մեքենաները, եթե վարորդի արյան մեջ հայտնաբերվել է ավելի քան 1,5 պրոմիլ ալկոհոլ կամ թմրանյութերի հետքեր, ինչպես նաև եթե նա հրաժարվել է համապատասխան թեստեր հանձնել: