Րաֆֆի Հովհաննիսյան. Ամենամեղավորը ես եմ, որ հանդուրժում եմ այսօրվա հայրենասպան, զինվորասպան վարչակարգին
Հայաստանի նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Երեսունևհինգ տարիներով չի սկսվում, չի էլ ավարտվում արևի տակ Հայաստանի և հայության արդար ու արժանի տեղի համար պատմական պայքարը։
Բայց այս երեսունևհինգը մեզ էր տրված՝ մեր սերնդի ժառանգած պատմական շրջանի ազգային պատասխանատվությունը վերասահմանելու, ճեղքելու, շրջելու և նորակերտելու։
Եվ մենք արեցինք ամենքս միասին՝ նաև ի հեճուկս մեզ, կոմիտեներով, ջոկատներով, անհատ հերոսներով, մտավորականներով, հոգևորականներով, զինվորականներով, ապաև հայոց հպարտության բանակով։
Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ։
Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը։
Իսկ ընդհանրապես՝ տարեդարձներ նշելուց և անկեղծ, բայց մոդայիկ դարձած ու խիստ ուշացած հավաքներ գումարելուց զատ՝ արժե, որ յուրաքանչյուրը ստանձնի ինքնամաքրող իր մեղքի բաժինը։ Առանց բացառության և առանց արդարացումների։
Նախագահ, պաշտոնյա, ընդդիմախոս, գիտնական, վերլուծաբան, գործիչ, լրագրող, իրավապաշտպան՝ ամեն մեկս։
Որ չփոխեցինք մեր անցյալը, որ բերեցինք այս անտերունչ ներկան։
Ես առաջին օրվանից՝ որպես նախարար, իրավաբան, քաղաքացի, ապաև պատգամավոր, կողմնակից եմ եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանադրականությանը և, ըստ այդմ, նրանց ճանաչմանը՝ իբրև այդպիսին։ Ոչ տանը, ոչ էլ օտար մայրաքաղաքներում որևէ շեղում կամ տարընթերցում երբևէ չի եղել։ Հավանաբար՝ բավարար հետևողական չեմ եղել այս դիրքորոշման կենսակոչման մեջ։
Իմ քվեարկությամբ որևէ իշխանություն՝ նախկին կամ ներկա, չի եկել իշխանության։ Եղել եմ սկզբունքային ընդդիմադիր բոլորին։ Երբեք չեն ասի, բայց նրանք գիտեն իրենց ասելիքն ինձ և մեր ժողովրդին։
Ամենամեղավորը, սակայն, ես եմ, որ, չնայած իմ լիակատար մերժումին, իմ ապրած կյանքով հանդուրժում եմ այսօրվա հայրենասպան, զինվորասպան վարչակարգին՝ իր ուխտադրուժ գերագույնով մեկտեղ։
Ահաև իմ տոնական խոստովանությունը՝ նախագահական երդման փոխարեն, անցողիկ, բայց անհրաժեշտ։
Որովհետև միայն Հայրենիքն է, որ հավերժ է՝ իր գոյամարտով հանդերձ»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին չի փոխվելու, մեր մատույցները դառնալու են իրենց զվարճանքի վայր. Րաֆֆի Հովհաննիսյան
- Անքարտեզ Հայաստան. Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը
- Ներսից ու դրսից՝ Հայրենիքի և մեր պատմության ազատագրման ժամն է․ Րաֆֆի Հովհաննիսյան
- Րաֆֆի Հովհաննիսյան. Նիկոլ Փաշինյանը դարձել է՝ արդեն գիտակցաբար, զինվորասպան, եղբայրասպան, հայրենասպան
- Րաֆֆի Հովհաննիսյան. Քաղաքացի Փաշինյանը քանի մեր մեջ է, Հանրապետությունն ամփոփելու է իր հոգեվարքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին