Մեզ օդի և ջրի պես պետք է արբանյակ ուղարկել տիեզերք, ոչ թե՝ «խաղալիք», որը ոչինչ է․ գիտաշխատող
Իշխանությունների կամքից է կախված, որպեսզի գիտությունը զարգանա այնպես, ինչպես հարկն է։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը։
Գիտնականի խոսքով, թեև վերջին տարիներիյն ավելացել են գիտության ոլորտին բյուջեից ֆինանսավորումը, սակայն ցանկացած ոլորտում պետք է այն ճիշտ օգտագործվի և կառավարվի։
Մասնավորապես, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, Հարությունյանը հիշեցնում է «հայտնի» արբանյակի դեպքը, որը ուղարկվել էր տիեզերք։
«Մենք հաճախ անում ենք սենսացիոն հայտարարություններ՝ ասելով իբր տիեզերք արբանյակ ենք արձակել, այն դեպքում, երբ երբեք արբանյակ չենք արձակել։ Հույս ունենք, որ այս բնագավառին հավուր պատշաճի ուշադրություն կդարձվի և մի օր, այնուամենայնիվ կունենանք արբանյակ։ Մեր օրերում այն ավելի քան կարևոր նշանակություն ունի՝ ոչ միայն գիտական, այլև ռազմական տեսանկյունից։ Վաղը մեզ օդի և ջրի պես պետք է լինելու արբանյակ, որը կարող է դիտումներ կատարել, այլ ոչ թե մի «խաղալիք» ուղարկել այնտեղ, որը չգիտենք ինչի համար էր։ Հույս ունեմ, որ մի օր կունենանք»,- ասաց Հարությունյանը։
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ է ուղարկվել տիեզերք,գիտաշխատողն արձագանքեց․
«Դա ընդրանրապես ոչինչ էր, ոչ մի բան էր։ Այն դիտարկումները, որոնք անհրաժեշտ են, նման արբանյակներով չեն անում։ Դա պարզապես սենսացիոն հաղորդում էր, քանի որ դրանից հետո որևէ զարգացում չեղավ։ Ամենապարզ բանը՝ հետախուզական դիտարկումներ անելն է կամ, թեկուզ ունենալ մեր սեփական կապի միջոցները, որոնք թույլ կտան կախված չլինել այլ երկրներից։ Մեր կապը հիմա գնում է արբանյակներով, որոնք մերը չեն և ցանկացած ժամանակ կարող են անջատվել»։
Տիեզերքում արբանյակ ունենալը անհնարին բան չէ և Հայաստանը կարող է ունենալ այն։
«Հայաստանի համար հնարավոր լուծում է։ Մենք ունենք մեծ ֆինանսներ՝ նույնիսկ դղյակներ են կառուցվում։ Հայաստանը միշտ էլ կարող է գտնել այն գումարները , որոնք պետք են արբանյակ ունենալու համար։ Բայց դրա համար անհրաժեշտ է լուրջ մասնագետների հետ քննարկումներ անցկացնել։ Շոու կամ աղմուկ բարձրացնելու փոխարեն իսկապես անել մի բան , որն օգտակար է։ Պետք ավելի շատ գործել, քան խոսել»,- հորդորեց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2022թ․-ի մայիսի 25-ին Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը։ Արբանյակն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ Հայտնի է միայն, որ ArmSat-1-ը գործելու է առնվազն չորս տարի։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին ասել են՝ մինչև 2028 թվականը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ
- Կեղծ պապիկից մինչև արբանյակ
- Հայկական արբանյակ ունենալու համալսարանական ծրագիրը վերջնականապես չեղարկվել է Փաշինյանի կառավարության կողմից. ԵՊՀ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան