Փետրվարի 23-ին Արայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.
«Հարգելի հայրենակիցներ
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրները արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ:
Մենք պետք է ընդունենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված, ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ զարգացող իրադարձությունների պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների:
Վերջին օրերին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, որոնց ընթացքում ներկայացրել եմ երկրում ստեղծված վիճակը, ներքին ու արտաքին վտանգներն ու մարտահրավերները:
Երեկ արձագանքել եմ հանրային սեկտորի ներկայացուցիչների առաջարկին, հանդիպել նրանց հետ, տեղի է ունեցել կառուցողական քննարկում, որի ընթացքում բարձր եմ գնահատել ներկաների՝ Արցախի ապագայի հանդեպ ցուցաբերած պատասխանատվությունն ու անզիջում պայքարի պատրաստակամությունը: Լսելով ներկայացված մտահոգություններն ու խնդիրները, ընդունել եմ Արցախի Հանրապետության տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ Նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկը, որը պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք: Պատրաստ եմ առաջիկայում սկսել այդ գաղափարի իրացման աշխատանքները:
Հարգելի հայրենակիցներ, այս և այլ հարցերի վերաբերյալ փետրվարի 23-ին հանդես եմ գալու ուղերձով, որի ընթացքում առավել մանրամասն կանդրադառնամ Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին ու մեր հետագա քայլերին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան