Գիրք նվիրելու օրը ARARAT թանգարանում
Գիրք նվիրելու օրվա հետ կապված, ի շարս այլ մշակութային նախաձեռնությունների, Երևանի կոնյակի գործարանի ARARAT Թանգարանն իր այցելուներին մատուցեց հետաքրքիր անակնկալ։
Շրջայցի դասական ծրագրի ավարտին՝ ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգից հետո այցելուներին ներկայացվեց օրվա խորհուրդը Հայաստանում և նվիրվեցին հուշանվեր գրքեր՝ X դարի հայ բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» անգերազանցելի գլուխգործոցը թե՛ հայերեն, թե՛ այլալեզու թարգմանություններով։
Յուրաքանչյուր հուշանվեր կրում էր նաև յուրօրինակ նախաբան՝ Օրվա խորհուրդը ներկայացնող հակիրճ գրություն, որպեսզի տարիներ անց այս պոեմը վերընթերցելիս այցելուները վերհիշեն հայկական այս գեղեցիկ տոնը ջերմ հիշողությունների ներքո։
«Այս նախագծի շուրջ մտածելիս երկար քննարկում էինք և թիմի ներսում, և գրականագետների հետ, թե ինչ կարող ենք նվիրել, այնպես որ հայկական հարուստ գրական ժառանգություն մեջ Նարեկացու ընտրությունը պատահական չէր։ Բացի նրանից, որ «Մատյան ողբերգության»-ն անընդհատ վերընթերցելու պոեմ է, այս ստեղծագործության հետ ARARAT Թանգարանի կապը բազմաչափ է:
Որպես ժառանգության պահպանման և ներկայացման վայրերից մեկը` մեր ստեղծագործական համագործակցությունները բազմիցս են անդրադարձել այդ գլուխգործոցին. մասնավորապես «ARARAT զրույցի երեկո» նախագծի հյուրերից մեկը՝ աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը «Մատյան ողբերգության» բեմական անզուգական ընթերցանումների հեղինակն է», - նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։