Արցախցիները հզոր ուժը ստանում են այն հողից, որի վրա ապրում են, որտեղ մեր ազգային ինքնության արմատներն են.Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը Telegram-ալիքում գրել է.
«35 տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Եթե շարժումը չլիներ, մենք կկորցնեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։ Արցախի պահպանումն ու Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի զգացումը մեզ մեծ ուժ ու վստահություն հաղորդեցին, քանի որ կարողացանք հնարավոր դարձնել շատերին անհնարին թվացող այս հաղթանակը։ Շարժման շնորհիվ մենք հասկացանք, որ պայքարի միջոցով կարող ենք կանխել Հայրենիքի կորստի աղետը։
Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար, որպեսզի մեր գլխին չկախվի էթնիկ զտումների ու հայրենիքից բռնագաղթի սպառնալիքը։ Դրան ի պատասխան՝ մենք հարևան Ադրբեջանից ստացանք պատերազմներ, մարդկային զոհեր և ծանր փորձություններ, որոնք շարունակվում են այսօրվա շրջափակման և մեզ պատճառած դժվարությունների տեսքով։
Չնայած բոլոր փորձություններին, Արցախը հայ պահելու մեր կամքը մնում է անսասան. Բոլոր նրանք, ովքեր քննարկում և փորձում են առանց մեզ որոշել Արցախի ճակատագիրը, չեն հասկանում, որ 35 տարի առաջ այս օրը մենք մեր ճակատագիրը վերցրել ենք մեր ձեռքը։ Այս որոշման համար մենք շատ թանկ գին ենք վճարել։ Մեր անձնուրաց հերոսներից շատերն իրենց կյանքն են տվել այս հայկական հողը պահելու համար, քանի որ հասկացել են Արցախի բացառիկ կարևորությունը հայոց պետականության և հայոց աշխարհի պահպանման գործում։
Պետական նախարար լինելու այս 100 օրվա ընթացքում և խիստ շրջափակման իրավիճակում ես ինքս տեսա արցախցիների անսովոր հզոր ուժը և հասկացա, որ այդ ուժը մենք ստանում ենք այն հողից, որի վրա ապրում ենք, որտեղ մեր ազգային ինքնության արմատներն են: Ես զգացի մեր արմատների խորությունը և դրանցից բխող ինքնատիպ ուժը:
Եվ ես հիմա վստահաբար ասում եմ, որ եթե անգամ ևս 35 տարի պահանջվի մեր նպատակին հասնելու համար, դա չպետք է մեզ կանգնեցնի, հիասթափեցնի, հեռացնի մեր նպատակից։ Մենք ունենք բավարար կամք և հաստատակամություն մեր նպատակին հասնելու համար, և ոչ ոք չի կարող այն խլել մեզանից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելն ու ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է․ Լուսինե Ավանեսյան
- Ռուբեն Վարդանյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը. Սա երկար ճանապարհի սկիզբն է
- Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ և կարևոր է, որ այդ մասին բարձրաձայնեք. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան