Թուրքիայի հայությունը երկրաշարժից տուժած գոտուն նվիրաբերել է ավելի քան 5մլն լիրա
Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Մեծ պահքի նախօրեին մատուցած պատարագից հետո հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների համար։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նա հոգու հանգստություն է ցանկացել մահացածների համար, իսկ վիրավորներին արագ ապաքինում մաղթել։
Պատրիարք Մաշալյանը նաև նշել է, որ այս ծանր օրերին հումանիզմը պետք է ի հայտ գա մարդկանց մեջ։ Խոսելով աղետի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին՝ նա ընդգծել է, որ պատրիարքարանն աղետի հենց 2-րդ օրն օգնություն է հավաքել և ուղարկել։
Հայկական հիմնադրամների միությունն էլ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությանն է փոխանցել 2․5 մլն լիրայի օգնություն, իսկ փետրվարի 15-ի երեկոյան կազմակերպված «Թուրքիան մեկ սիրտ է» նախաձեռնության շրջանակներում Թուրքիայի հայկական համայնքի հիմնադրամներն առանձին անհատների հետ միասին հանգանակել և նվիրաբերել են 3 մլն լիրա։