Արմեն Գրիգորյանն ընդունել է Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը
ԱԽ քարուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:
ԱԽ գրասենյակից հայտնում են՝ ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ Ա. Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Նշենք, որ Եվրոպական միությունը՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակում, մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը («Հայաստանում Եվրոպական միության առաքելություն»):
Առաքելությունը պաշտոնապես հիմնվել է Խորհրդի որոշմամբ 2023թ․ հունվարի 23-ին։
Ըստ պաշտոնական հայտարարությունների, առաքելության նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ աջակցությամբ գործադրվող ջանքերին։
ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմը բաղկացած կլինի մոտավորապես 100 անձից, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ: Քաղաքացիական գործողությունների հրամանատարն է ԵԱԳԾ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների հարցերով ղեկավար-տնօրեն Ստեֆանո Տոմատը, իսկ առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը։
Ընդհանուր տեղեկություն
2022 թվականի դեկտեմբերի 27-ին ԵՄ բարձր ներկայացուցչին հասցեագրված նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հրավիրել էր Եվրոպական միությանը Հայաստանում տեղակայել ԸԱՊՔ քաղաքացիական առաքելություն։
2023 թվականի հունվարի 23-ին Խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ստեղծման մասին։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը չեզոք և առանց որոշում կայացնելու իրավասության առաքելություն է, որը կունենա 2 տարվա մանդատ։
Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը նախորդել է ԵՄ դիտորդական կարողությունը։ Վերջինը 2022 թ․ հոկտեմբերի 20-ին ԵՄ դիտորդներ էր տեղակայել Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստանում տեղակայել էր ԵՄ դիտորդական խումբ, որն ավարտեց իր գործողությունները 2022 թ․ դեկտեմբերի 19-ին։