Դավիթ Շահնազարյան. 2018-ին Փաշինյանը զավթել է իշխանությունը աշխարհքաղաքական կոնսենսուսի արդյունքում
«Նիկոլ Փաշինյանին, նրա գործընկեր Ալիևին, Թուրքիային, ինչու չէ նաև Ռուսաստանին չի հաջողվելու փակել Արցախի էջը»,-Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ընթացքում ասաց Դավիթ Շահնազարյանը, որը 1992-1995 թթ. եղել է ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Անդրադառնալով Մյունխենի համաժողովի շրջանակում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների մասնկացությամբ քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ հաղորդմանը հյուրը նշեց, այնտեղ Հայաստանի շահերը ներկայացնող չի տեսել։
«Ավելին, Ադրբեջանի բոլոր մեղադրանքներն ընդունվեցին, ոչնչի չարձագանքվեց։ Այն քաղաքականությունը, որն այսօր տարվում է իշխանության կողմից, գրեթե ողջ քաղաքական էլիտան դրա հետ համաձայն է։ Դա կործանարար քաղաքականություն է։ Եթե խաղաղությունն այսպես հաստատվի, հուսով եմ չի լինի այն, ինչ անում են այս հակահայկականները, դրանից հետո Ադրբեջանի կողմից սկսելու է ռեպարացիայի պահանջ»,-ընդգծեց նա։
Շահնազարյանի խոսքով, մենք հիմա գտնվում ենք շատ ծանր փուլում, նման ծանր վիճակ, երևի ցեղասպանությունից հետո անգամ չի եղել։
«Այն օրակարգերը, որոնք կան Ադրբեջանում ու Թուրքիայում, պարունակում են պետության կործանման բոլոր հատկանիշները»,-ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենի գնահատմամբ, այսօր Հայաստանի քաղաքական կյանքն էլ խղճուկ, խայտառակ վիճակում է։
«Այսօրվա քաղաքական ողջ էլիտան գտնվում է ադրբեջանաթուրքական կարգավորման հարթության մեջ։ Ոչ մի գաղափար ու ծրագիր չկա, որը կբերեն առաջ։ Խայտառակություն է, օրակարգ չկա, գաղափար չկա։ 2020 թվականից սկսած մինչև այսօր ընդդիմության գործունեության ընթացքում իշխանությունը բավական ամրապնդվել է, կանաչ լույս ունի բոլոր ուղղություններով իրականացնել այն ծրագրերը, ինչի համար որ 2018-ին եկել է իշխանության։ Ավելացնեմ, որ 2018-ին այս իշխանությունը զավթել է իշխանությունը աշխարհքաղաքական կոնսենսուսի արդյունքում, որի մաս է եղել Ռուսաստանը, որը մինչև այսօր երկու ձեռքով սատարում է այս իշխանությանը»,-ասաց Շահնազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան