«Ժողովուրդ». Կառավարությունը պետբյուջեից 5 միլիոն դրամ աջակցություն է հատկացրել մի շարք ՀԿ-ների
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կառավարությունը պետական բյուջեից 5 միլիոն դրամ աջակցություն է հատկացրել մի շարք հասարակական կազմակերպությունների։ Որոշումը ընդգրկված է եղել կառավարության՝ փետրվարի 16-ի օրակարգում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում:
Թե որոնք են այդ հասարակական կազմակերպությունները, և որ ոլորտներում ինչպիսի գործունեություն են իրականացնում, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ. որոշման կետերը հույժ գաղտնի են։ Նկարագրության մեջ նշվում է, թե տվյալ հասարակական կազմակերպություններն իրականացնելու են հետազոտություններ, ռազմավարական և հայեցակարգային փաստաթղթերի պատրաստում և փորձաքննությունների կազմակերպման համար խորհրդատվական, մասնագիտական, վերլուծական ծառայություններ:
Ընդ որում՝ Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ դիտողություն է արել և նշել, թե աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին ծրագրով գումարի հատկացումը նպատակահարմար չէ իրականացնել պահուստային ֆոնդից: Նաև նշվել է, թե նախագծով հիմնավորված չէ նաև գումարի հատկացման հրատապությունը: Առաջարկվել է միջոցառման գծով անհրաժեշտ ծախսերը կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի առկա ռեսուրսների հաշվին:
Դիտողությունը ընդունվել է, և փոփոխություն է կատարվել: Հավելենք, որ կառավարությունը 2022 թ.-ի պետական բյուջեով էլ 8 մլն դրամ էր հատկացրել հասարակական կազմակերպություններին, և կրկին պարզ չէր, թե ում: Մեկ անգամ էլ այդ նույն ծրագրով 46 մլն 976 հազ. դրամ էր հատկացվել։ Թե ում էր փոխանցվել այդ գումարը, կրկին հայտնի չէ, քանի որ կառավարության որոշման նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի էր համարվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա