Խնդիրը ոչ թե գործարքն է, այլ կոնկրետ Գրիգորի Խաչատուրովի անձը. Փաստաբան
«Եկեք մեկընդմիշտ մոռանանք զորամասի տարածք հասկացողությունը, դա անշարժ գույք է, որը 1990-ական թվականներից երբևէ որպես զորամաս չի ծառայել»,-այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի ընկերոջ՝ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի ժամը 20։00-ից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է։ Դատարանում այժմ քննվում է նրա կալանավորման հարցը։ Դատախազության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։
«Հայաստանում ՊՆ-ին հատկացված բոլոր զորամասերը, բոլոր ենթակառուցվածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել, դրանք իրավական հիմք են ստացել 2005թ-ին, դրանից հետո դրանք որպես զորամաս երբևէ առկա չեն եղել։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ դրանք անօտարելի տարածքներ են, թե ոչ, դրա պատասխանատուն երբևէ չի կարող հանդիսանալ Էդգար Արշակյանը, որովհետև տվյալ տարածքների օտարելիության պայմանը օրենքը նախատեսում է։ Դրանք անօտարելի տարածքներ չեն, դրանք օտարելի են, սակայն իրավական որոշակի հիմքերի առկայության պայմաններում»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Պաշտպանը նշեց նաև, որ 18 միլիոն դրամ գրավ վերցնելը ևս իրականությանը չհամապատսխանող տեղեկություն է։
«Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետև տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կնքվել է առուվաճառքի, հիփոթեքային պայմանագիր, որի պայմանաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ:
Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակյանին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել։ Քանի որ Արշակյանն այդ տարածքը չի օգտագործել, այդ տարածքը որպես լրացուցիչ գրավ գրավադրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել։ Այսինքն կոնկրետ այդ տարածքի համար ոչ մի գրամ վարկ չի ստացվել։
Այդ տարածքը ինչպես 2009 թվականին Արշակյանը ձեռք է բերել, մինչ այս պահն այդ տարածքն այդպես պահպանվում է»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ հիմա Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի. «Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռք բերել, որի համար որևէ փաստական հիմք չկա, և Էդգար Արշակյանը հանդիսացել է, այսպես ասած, քողարկված անձ՝ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար։
Էդգար Արշակյանն արդեն մեկ տարուց ավելի պնդում է, որ դա իր սեփական տարածքն է, ուղղակի կամ անուղղակի որևէ ապացույց չկա, որ դա Էդգար Արշակյանի տարածքը չէ։ Ի սկզբանե իրենք ինչ-որ ենթադրություն ունեն ու փորձում են տակն ապացույցներ ստեղծել, որն այս գործում բացակայում է»։
Էդգար Արշակյանին այսօր կրկին մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
«Օժանդակությունն ու արարքը նույն ձևաչափով է պատիժ կրում։ Չենք հասկանում, թե ինչու են Գրիգորի Խաչատուրովին ներկայացրել կալանքի։ Եթե օրենքը նույն արարքի հետ կապված տարբեր անձանց նկատմամբ տարբեր դրսևորում է ունենում, կարծում ենք, այստեղ խտրական վերաբերմունք կա Խաչատուրովի նկատմամբ։
Այսինքն, խնդիրը ոչ թե գործարքն ու ենթադրյալ ինչ-որ քողարկումներ իրականացնելն է, որն այս գործով բացակայում է, այլ խնդիրը կոնկրետ Գրիգորի Խաչատուրովի անձն է, որ ամեն կերպ ցանկանում են կալանքի հասնել, ինչը, համոզված եմ, որ դատարանը թույլ չի տա այս պարագայում, որովհետև իրավական առումով փողերի լվացման հոդվածն այս պարագայում ներառնել այս հանցակազմի մեջ ու մեղադրանք ներկայացնելն աբսուրդ չէ, այլ բնորոշումներ ունեն, որոնք եթերային չեն»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Գեներալ Գրիգորի Խաչատուրով ձերբակալվել է փետրվարի 20-ին ժամը 20։09-ին, դատարանը որոշումը հրապարակելու համար ունի 24 ժամ, այսինքն պետք է մինչև 20։09 որոշում կայացվի, այլապես Խաչատուրովը պետք է պարտադիր ազատ արձակվի։
Հարակից հրապարակումներ`
- Սա թուրքական պատվեր է. Շարմազանով
- Իշխանությունը սեփական զանցանքները քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց. Մանուկյան
- Երբ Գրիգորի Խաչատուրովն էր Տավուշում, տավուշցիները հանգիստ քնում էին, այժմ պետք է ոտքի կանգնեն. Զոհվածի հայր
- Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու հետ որևէ առնչություն չունի. Պաշտպան
- Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար. Դատախազություն
- ««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը. Աբրահամյան
- Սոցցանցի օգտատերերը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան