Սոնա Հովհաննիսյանը որպես անգլերենի թարգմանիչ կներգրավվի «Սիլվայի գործով» վարույթում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Սիլվայի գործով» լսումները։ Դատարան է ներկայացել գործում առկա փաստաթղթերն անգլերենից հայերեն թարգմանած թարգմանիչը՝ Սոնա Հովհաննիսյանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի փոխանցմամբ, պարզվեց, որ վերջինս ինքն իրեն է լիազորել որպես թարգմանիչ, քանի որ թարգմանչական գրասենյակի տնօրենը հենց ինքն է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանները պահանջեցին Հովհաննիսյանի՝ որպես թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթերը, որոնք սակայն Հովհաննիսյանը չկարողացավ ներկայացնել։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ գործում ներգրավվելուց առաջ թարգմանիչը պետք է քրեական վարույթ իրականացնող մարմնին ներկայացնի թարգմանչի՝ իր որակավորումը հաստատող փաստաթղթերը։ «Լեզվին տիրապետելը դեռ չի նշանակում, որ տվյալ անձը կարող է ներկայանալ որպես թարգմանիչ», - ասաց Սահակյանը։
Թարգմանիչը հղում կատարեց կառավարության երկու որոշման վրա, որտեղ շարադրված են վարույթներում ներգրավվող թարգմանչին ներկայացվող պահանջները։ Ալումյանը նշեց, որ այդ որոշումները վերաբերում են միայն քաղաքացիական գործերով վարույթներին։
Կարճատև քննարկումից հետո պաշտպան Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց թարգմանչին։
Կողմերին լսելոց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի՝ թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանին հայտնած բացարկը։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։
Սոնա Հովհաննիսյանը որպես անգլերենի թարգմանիչ կներգրավվի «Սիլվայի գործով» վարույթում։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվայի գործով նիստը հետաձգվեց. Թարգմանչի պարզաբանումն ավելի խճճեց դատավարության կողմերին
- «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը
- «Սիլվայի գործ»-ով դատական նիստը կրկին հետաձգվեց
- Սիլվայի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը