«Ժողովուրդ». Արցախի նախագահը պատրաստվում է հայտարարել Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով: «Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել Արցախի պետնախարարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին, եթե, իհարկե, այս օրերին շրջադարձային ինչ-որ զարգացումներ տեղի չունենան:
Ավելին՝ մեզ ասացին, որ Հարությունյանը սրա մասին մտադիր է եղել հայտարարել դեռևս փետրվարի 17-ին, բայց քանի որ փետրվարի 20-ին արցախյան շարժման 35-ամյակն էր, որոշել է հետաձգել դա տոներից հետո: Արցախյան մեր աղբյուրները հայտնեցին, որ ԱՀ պետնախարարի նոր հավանական թեկնածուն, ամենայն հավանականությամբ, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է:
Նշենք, որ պետնախարարի պաշտոնը նշանակովի է, Արցախի կառավարության ղեկավարին նշանակում և ազատում է նախագահը:
Դեռևս 2022թ-ին Արայիկ Հարությունյանն ինքն էր «բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործչին» առաջարկել ստանձնել պետնախարարի պաշտոնը, իսկ արդեն մեկ տարի անց ազատում է նրան աշխատանքից, թեև Վարդանյանն ինքը չի ցանկանում հրաժարական տալ: Արցախում վստահ են նաև, որ Արայիկ Հարությունյանը նման քայլի է գնում ոչ այնքան իր հոժար կամքով, այլ իր առջև նման պայման է դրել Նիկոլ Փաշինյանը:
Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի իշխանություններին դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատություններն իրենց հասցեին՝ առ այն, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված:
Նկատենք նաև, որ տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին հայտարարում է, որ չի պատրաստվում Ղարաբաղի հարցով բանակցել «Ռուսաստանի Դաշնությունից արտահանված» Ռուբեն Վարդանյանի հետ, անգամ նախապայման է դրել, որ Լաչինի միջանցքի մասով կշարունակի բանակցությունները միայն Վարդանյանի հեռացումից հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին