Իշխանությունը սեփական զանցանքները քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց. Մանուկյան
«Նիկոլի իշխանության գալուց հետո մեկնարկել է Զինված ուժերի, բանակի դեմ հարձակումների, քաղաքական հետապնդումները։ Նույն տրամաբանության մեջ է Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունն ու այս դատաքննությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով դատարանի բակում է՝ ի աջակցություն 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի, ով ձերբակալված է, այժմ քննարկվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
Նա նշեց, որ իրականում իշխանությունը պարբերաբար սեփական մեղքերը, սեփական զանցանքները, դավաճանությունները քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց, նախկին, գործող զինվորականներին, տարբեր գործիչների, թիրախավորում է անգամ տարբեր երկրի միայն իրենից վանի այն բոլոր իրական մեղադրանքները, որոնց համար պատասխան տալու է։
Հարցին՝ կոնկրետ ի՞նչ մեղադրանք է փորձում իրենից վանել իշխանությունն այս գործով, նա ասաց. «Հայրենազրկման, հայրենիքի կորստի, քաղաքական անմեղսունակ կառավարման հետևանքով երկիրն այս վիճակին հասցնելու ամբողջ այդ բեռը»։
Գեղամ Մանուկյանն ասաց, որ ՔՊ-ն, ըստ նրա, գենետիկորեն ատում է բանակը, այս քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ ոչ միայն իշխանության գալուց հետո, նաև իշխանության գալուց առաջ տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ։
Հարցին, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Գրիգորի Խաչատուրովը գեներալ-մայորի կոչում է ստացել, «Մարտական խաչ» շքանշանով է պարգևատրվել, ի՞նչ փոխվեց հիմա, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Նիկոլ Փաշինյանի տանը հո գեներալի ուսադիրները դրված չէի՞ն, որ ինքն էլ ում ուզեր, գեներալի կոչում շնորհեր։ Ինչ վերաբերում է «Մարտական խաչ» շնորհելուն, առանձին պատմություն է, եղել են Տավուշյան գործողություններ, որի համար մարդիկ պետք է պարգևատրվեին։
Պարբերաբար նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանի ու իշխանության համար ինչ-որ փուլերում նոր թիրախներ են ի հայտ գալիս։ Փաշինյանը կուլ չի տալիս Խաչատուրովի հայտնի ստորագրությունը, նրա հստակ դիրքորոշումն ու կեցվածքը, կուլ չի տալիս ընդհանրապես իրենց ընտանիքի քաղաքացիական կեցվածքը։ Բնականաբար, փոքրոգի մարդկանց բնորոշ հատկանիշ է, որ չեն կանգնում որևէ կարմիր գծի, որևէ արժեքային համակարգի առաջ և կարող են ոտնատակ տալ ամեն ինչ»։
Նա ընդգծեց, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ այս գործողությունների դրդապատճառը քաղաքական է։
«Իշխանությունն Ազգային ժողովում փորձում էր ցույց տալ, որ Սեյրան Օհանյանը, Գրիգորի Խաչատուրովը զորամաս են վաճառել, բայց նույնիսկ ՔՊ-ի պատգամավորների հարց ու պատասխանից պարզ դարձավ, որ չկա նման բան, զորամասի մասին խոսք չկա, այնտեղ չի եղել գործող զորամաս, տարածքը։ Ժամանակին եղել է զորամաս, սակայն այդ ժամանակ անպետք է համարվել որևէ բանակային ստորաբաժանում այնտեղ տեղակայելու համար»,- ասաց Մանուկյանը։
Ինչ վերաբերում է այս գործով արդար դատաքննությանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ վերջին որոշումներն ու այս երեք տարվա դատական համակարգում տեղի ունեցած բոլոր խայտառակությունները հաշվի առնելով՝ վաղուց կարդացել են արդար դատաքննության հոգեհանգիստը։
«Իհարկե, կան խիզախ դատավորեր, որոնք հերոսական պայքար են մղում։ Ցավոք սրտի, պայքար մղող դատավորների գլխին կարողանում են սարքել կեղծ գործեր, իսկ արդարացումներից հետո իշխանությունն իր կոճակ սեղմող պատգամավորներով օրենքն այնպես փոխեց, որ հիմա էլ կարողանում են շատ հանգիստ ազատվել այդ դատավորներից»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երբ Գրիգորի Խաչատուրովն էր Տավուշում, տավուշցիները հանգիստ քնում էին, այժմ պետք է ոտքի կանգնեն. Զոհվածի հայր
- Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու հետ որևէ առնչություն չունի. Պաշտպան
- Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար. Դատախազություն
- ««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը. Աբրահամյան
- Սոցցանցի օգտատերերը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին